Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին սարսափում Հիսուս Քրիստոսի արձանից. hraparak.am
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին սարսափում Հիսուս Քրիստոսի արձանից. hraparak.am

Անցած շաբաթ Գերագույն հոգեւոր խորհուրդը հայտարարեց, որ դեմ է Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը՝ պատճառաբանելով, որ արձանի կառուցումը «հարիր չէ Հայ եկեղեցու դարավոր պատկերագրական եւ պաշտամունքային ավանդույթին»: Հայ առաքելական եկեղեցու այս դիրքորոշումն անհասկանալի թվաց, քանի որ վերաբերմունքը մինչ այդ բոլորովին այլ էր. ՀԱԵ ներկայացուցիչը ներկա էր գտնվել արձանի նախագծերը քննող հանձնաժողովի նիստին եւ նույնիսկ հայտարարել, որ ունի «Հայոց հայրապետի շնորհն ու օրհնությունը»՝ այդ նիստին մասնակցելու:

Ինչո՞ւ Հայ առաքելական եկեղեցին այդպես կտրուկ դեմ արտահայտվեց մի նախաձեռնության, որը կարող է իրականացվել նաեւ առանց իր համաձայնության կամ, եթե կուզեք՝ թույլտվության: Չնայած ՀԱԵ ներկայացուցիչները կարող են մտածել, որ Ծառուկյանը դժվար թե դեմ գնա իրենց որոշմանը եւ ձեռնպահ կմնա արձանի կառուցման ծրագիրն իրականացնելուց: Թե ինչ որոշում կկայացնի Ծառուկյանը, իր անձնական որոշելիքն է, մեզ ավելի շատ հետաքրքրում են Հայ առաքելական եկեղեցու որոշման պատճառները:

Մի բան պարզ է, որ ինչ-որ պահից Հայ առաքելական եկեղեցու մոտ արթնացել է ինքնապաշտպանության բնազդը, քանի որ նրանք Հիսուս Քրիստոսի արձանի մեջ տեսնում են իրական վտանգ իրենց գոյությանը եւ գործունեությանը: Փաստ է, որ եկեղեցին, այդ թվում՝ Հայ առաքելական, որպես կազմակերպություն, առաջացել եւ գործունեություն է ծավալել Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո: Քրիստոսի կենդանության օրոք եկեղեցի չի եղել, քանի որ չի եղել դրա անհրաժեշտությունը: Քրիստոսն անձամբ է շփվել եւ քարոզել իր ուսմունքը, եւ նա կարիք չի ունեցել միջնորդների: Քրիստոսի ուսմունքի հետեւորդների համար եւս եկեղեցին անհրաժեշտություն չի եղել: Եկեղեցին առաջացել է խաչելությունից հետո, եւ եկեղեցու հիմնական ֆունկցիան դարձել է կապը հավատացյալների եւ Աստծո միջեւ: Մարդիկ ե՞րբ են գնում եկեղեցի՝ երբ նրանց մոտ առաջանում է հոգեւոր պահանջմունք՝ հարաբերվելու Աստծո, Հիսուս Քրիստոսի հետ:

Հիմա մի պահ պատկերացրեք, որ Հայաստանում ինչ-որ տեղ կանգնեցվում է Հիսուս Քրիստոսի արձանը: Իհարկե, դա կենդանի Հիսուսը չէ, բայց հանրության, հավատացյալների գիտակցության մեջ այն ասոցացվելու է հենց Քրիստոսի հետ, այնպես, ինչպես մենք, տեսնելով այս կամ այն հայտնի մտավորականի կամ զորավարի արձանը, մտովի հիշում ենք նրան, նրա ստեղծագործությունները կամ սխրանքները, մտովի հաղորդակցվում ենք արձանի հեղինակի հետ: Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման դեպքում հավատացյալ հանրության գիտակցության մեջ եւս կարող է տեղի ունենալ նման տրանսֆորմացիա. նրանք քրիստոնեությունը կարող են ասոցացնել ոչ թե եկեղեցու, այլ՝ արձանի հետ, հավատացյալն Աստծո հետ հաղորդակցվելու, նրա օգնությունը եւ ողորմությունը հայցելու համար դիմելու է ոչ թե միջնորդին` եկեղեցուն, այլ՝ անմիջականորեն Հիսուս Քրիստոսին: Հիսուս Քրիստոսի արձանը կարող է դառնալ մի յուրահատուկ ուխտատեղի, որն իր ազդեցությամբ կարող է ստվերել Հայ առաքելական եկեղեցուն:

Կարո՞ղ է Հայ առաքելական եկեղեցին կանխազգալ այս վտանգը եւ, ի դեմս Հիսուս Քրիստոսի արձանի, տեսնել շատ վտանգավոր մրցակից: Իհարկե՝ կարող է, եւ Հիսուս Քրիստոսի արձանի դեմ հանդես եկողներն առաջնորդվել են բացառապես իրենց վախերով եւ ինքնապաշտպանական բնազդով:

Այլապես՝ ի՞նչ է նշանակում «պաշտամունքային ավանդույթ» ասվածը: Օրինակ, ինչո՞ւ է այդ պաշտամունքային ավանդույթը թույլ տալիս սուրբծննդյան օրերին Մայր Աթոռի բակում տեղադրել մանուկ Հիսուսի, Աստվածածնի, Հովհաննես Մկրտչի եւ այլ աստվածաշնչյան հերոսների գունագեղ արձաններ, իսկ, օրինակ, Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումն արգելում է: Թե՞ պատճառը միայն այն է, որ մանուկ Հիսուսը հավատացյալի գիտակցության մեջ չի ասոցացվում Հիսուս Քրիստոսի հանրային գիտակցության մեջ ընդունված կերպարի հետ:

Հետաքրքիր է, թե ինչ կանի ՀԱԵ, եթե Ծառուկյանը, այնուամենայնիվ, իրականացնի իր մտահղացումը եւ կառուցի Հիսուս Քրիստոսի արձանը: Հնարավո՞ր է, օրինակ, որ եկեղեցին խաչակրաց արշավանք կազմակերպի արձանի դեմ՝ «պաշտամունքային ավանդույթը» պաշտպանելու համար:

ՀԳ․ Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ ստացանք Հիսուս Քրիստոսի արձան-համալիրի մրցութային հանձնախմբի հայտարարությունը, որով հայտնում են, որ շարունակելու են իրենց աշխատանքները՝ անկախ եկեղեցու դիրքորոշումից։

«Սիրելի՛ հայրենակիցներ
Ինչպես արդեն գիտեք, Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի հանձնախումբն ամփոփել է մրցութային առաջին փուլը՝ հնարավորություն տալով 21 հեղինակներին մեկամսյա ժամանակահատվածում լրամշակել իրենց աշխատանքները: Առանձնահատուկ գոհունակությամբ ցանկանում ենք փաստել, որ հանրային դիսկուրսը համարում ենք կայացած, քանզի առայսօր շարունակում ենք ստանալ հարյուրավոր առաջարկներ Հայաստանից, Սփյուռքից եւ Արցախից՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի ճարտարապետական լուծումների, տեղադրման վայրի եւ այլ հարցերի վերաբերյալ: Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը մեզ համար շատ կարեւոր է եւ գնահատելի: Միեւնույն ժամանակ ցանկանում ենք վերահաստատել, որ Հիսուս Քրիստոսի արձան-համալիրը ճարտարապետական կոթող է, որը նպատակ ունի դառնալ միաբանության խորհրդանիշ ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ աշխարհի մարդկության համար: Ինչպես նաեւ մոնումենտալ կոթողը մեծ ներուժ ունի՝ դառնալու առաջին քրիստոնյա պետության այցեքարտն աշխարհում ու մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավելու: Կրկին շնորհակալություն ենք հայտնում գաղափարի աջակիցներին եւ լիահույս ենք, որ աստվածահաճո այս առաքելության մեջ մենք միաբան ենք»:

hraparak.am