Դերասանուհի Եվա Բաղդասարյանն այժմ նկարահանվում է «Սիրո հասակ» հումորային նախագծում: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է նախագծում իր կերպարի, հետագա ծրագրերի, արտաքին փոփոխությունների և անձնական կյանքի մասին:
«Երկար ժամանակ բացասական կերպարներ մարմնավորելուց հետո սա իմ առաջին դրական կերպարն է, – ասաց դերասանուհին և հավելեց, որ առաջին անգամ է նկարահանվում հումորային նախագծում:-Մարմնավորում եմ մի քիչ դեբիլիկ, միամիտ ու բարի աղջնակի կերպար: Կերպարային գիծս հիմնականում Գարիկ Սեփխանյանի հետ է, որի հետ ունենք սիրային գիծ ու հետաքրքիր զարգացումներ»:
Խոսելով մարմնավորած կերպարների մասին՝ դերասանուհին շեշտեց՝ հեռուստադիտողը չի կարողանում տարանջատել մարմնավորած կերպարներին իրական Եվայից:
«Բացասական կերպարներիս արարքը միշտ վերագրվել է նաև ինձ, բայց սիթքոմի առաջին սերիայից հետո բավականին դրական արձագանքներ եմ ստացել, ինչը չի կարող չուրախացնել և չոգևորել ինձ»,- ասաց նա:
Նա նշեց, որ հումորային կերպար մարմնավորելն իրեն դուր է եկել, ընթացքն ու միջավայրը տարբերվում են դրամատիկ սյուժեյով սերիալներից: «Այլևս Ցանկություն ցչունեմ դրամատիկ կերպարներ մարմնավորել, շատ ավելի հեշտ ու թեթև ընթացք է հումորային նախագծերում նկարահանվելը, թեթև կերպարներ մարմնավորելը,- ասաց նա և հավելեց, որ այսուհետև հեռուստադիտողը հաճախ է իրեն տեսնելու հումորային նախագծերում: -Դրամատիկ նախագծերն ավելի երկարաժամկետ են, ամեն օր դրամայի մեջ ապրելն այն չէ: Հեռուստադիտողն ինձ այլևս չի տեսնի բացասական կերպարով»:
Նոր կերպարի համար դերասանուհին արտաքին փոփոխություններ է արել՝ փոխելով մազերի երանգը։ Նա ընդգծեց, որ հանուն մասնագիտության միշտ պատրաստ է արտաքին փոփոխությունների: «Սանրվածքս փոփոխել եմ նկարահանումների համար, քանի որ նախորդ նախագծից դադարը բավականին կարճ էր, փոփոխության կարիք կար: Մեկ ամիս անց, երբ ավարտվեն նկարահանումները մազերս նորից սև եմ ներկելու, քանի որ այդ գույնով ինձ ավելի հարմարավետ եմ զգում»,- ասաց Եվան:
Ամբողջությամբ՝ tert.am.life