Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը կամավոր հեռացել է Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի կազմից՝ «Օսկար» մրցանակաբաշխության արարողության ժամանակ կատակերգու Քրիս Ռոքի դեմքին հարվածելուց հետո։ Այս մասին հայտնում է Variety ամսագիրը:
«Ես չեմ արդարացրել ակադեմիայի վստահությունը»,- խոստովանել է Սմիթը: «Ես հեռանում եմ Կինոարվեստի և գիտության ակադեմիայից և պատրաստ եմ ընդունել ցանկացած պատիժ, որը Կառավարիչների խորհուրդը նպատակահարմար կգտնի»։
Ավելի վաղ կինոակադեմիան կարգապահական վարույթ էր սկսել Սմիթի նկատմամբ «Օսկար»-ի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Ինչպես հայտնում է CNN-ը, ապրիլի 18-ին նախատեսված է ակադեմիայի կառավարիչների խորհրդի նիստ, որում հնարավոր է գործողություններ ձեռնարկվեն դերասանի դեմ։ Մասնավորապես, հաղորդվել է, որ նրա անդամակցությունը կինոակադեմիայում կարող է կասեցվել կամ չեղարկվել, ինչպես նաև այլ պատժամիջոցներ ևս կարող են ընդունվել։
«Օսկարի 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ իմ արարքը ցնցող էր, ցավալի և աններելի: Նրանց ցուցակը, ում ես վիրավորել եմ, երկար է և ներառում է Քրիսին, նրա ընտանիքին, իմ ընկերներից և ընտանիքից շատերին, հանդիսատեսին ու հեռուստադիտողներին ամբողջ աշխարհում»,- ասել է Սմիթը:
«Փոփոխությունները ժամանակ են պահանջում, և ես պատրաստ եմ աշխատել, որպեսզի այլևս երբեք թույլ չտամ, որ բռնությունը գերիշխի բանականությանը», – եզրափակել է արտիստը: Հիշեցնենք՝ Ուիլ Սմիթը կատակել էր Քրիս Ռոքի կնոջ՝ Ջադա Պինկետ Սմիթի սանրվածքի հետ կապված։ Վերջինս մրցանակաբաշխությանը եկել էր սափրած գլխով, քանի որ աուտոիմուն հիվանդության պատճառով մազաթափություն ունի: