TRaffic ներկայացումը հաջողելուց և լեփ-լեցուն դահլիճներում խաղալուց հետո դերասան Ռաֆայել Երանոսյանն իր լսարանին է հանձնում նոր մոնո-ներկայացում, որին տվել է «Էվոլյուցիա» անունը։
Tert.am Life-ը ներկա է եղել ներկայացմանն ու ֆիքսել երեկոյի հետաքրքիր դրվագները։ Ռաֆոն միայն երկու ներկայացում խաղալուց հետո է որոշել նոր աշխատանքը հանձնել ընկերների ու լրագրողների դատին։
«Ըստ իս՝ ներկայացումը պատրաստ է լինում մի 5 անգամ անգամ խաղալուց հետո։ Շատ կարևոր է հասկանալ հյանդիսատեսի արձագանքն ու, ըստ այդմ, փոփոխություններ անել։ Առաջնախաղից հետո շատ փոփոխություններ չունենք, պարզապես մի կտոր կար, որը ներկայացման կեսից լրջացնում էր։ Շատ սիրուն մոնոլոգ էր, հաջորդ ներկայացման մեջ անպայման օգտագործելու ենք, բայց այստեղ խանգարում էր։ Ներկայացման մեջտեղում հանդիսատեսը լրջանում էր, քանի որ ավարտն էլ է հուզիչ, չէի ուզում մարդկանց շատ լրջացնել»,- ներկայացումից առաջ մեզ հետ զրույցում ասաց դերասանը, իսկ արդեն բուն ներկայացման ժամանակ մի լավ ծիծաղեցրեց իր հանդիսատեսին։
Ռաֆոյի համար այս ներկայացումը խաղալն առավել կարևոր էր․ հանդիսատեսի շարքերում էին ոչ միայն նրա ընկերները, այլև հայրը և հորաքույրը։ «Հանդիսատեսիս շարքերում շատ ընկերներ չկան, միայն նրանք են, ում հետ իմ առօրյան է անցնում և կապ են ունեցել ներկայացման պատրաստման փուլի հետ»,- ասաց նա։
Ըստ դերասանի՝ նախորդ ներկայացումից հետո բարդ էր նոր նախագիծ սկսել, քանի որ պետք է գերազանցեին իրենք իրենց։ «Մենք կարծես մեր մրցակիցը լինեինք, սակայն մինչևայս խաղացած երկու ներկայացումը ցույց տվեցին, որ լավ գործ ենք արել»։
Դերասանն ամբողջ ընթացքում պահում է կապը հանդիսատեսի հետ։ Ասում է՝ փոքր թատրոններն այս իմաստով շատ հարմար են․ ««Բոհեմ»-ում 300 տեղ է, և՛ ֆինանասական առումով է լավ, և՛ մոտ է իմ հարազատ թատրոնին՝ Կամերայինին․ այստեղ էլ եմ կարողանում տեսնել հանդիսատեսին, ինչն ինձ համար շատ կարևոր է։ Ես սովոր եմ ընթացքում նայել հանդիսատեսի աչքերին»։
Ամբողջությամբ՝ tert.am