Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը սկսել է նկարահանվել պրոդյուսեր Ելենա Արշակյանի թիմի նոր նախագծում՝ «Լքված ամրոցի պահապանները» հեռուստասերիալում։ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց, որ շատ ոգևորված է այս առաջարկով, քանի որ տևական ժամանակ չնկարահանվելուց հետո արդեն հույսը կորցրել էր։
«Բավականին երկար ժամանակ չեմ նկարահանվել։ Ելենա Արշակյանն ինձ հրավիրեց խաղալու սերիալում։ Հերոսուհիս գյումրեցի է, որը երկրաշարժից հետո կորցնում է իր ամուսնուն, տեղափոխվում Երևան։ Իր միակ դուստրը ևս մահացել է, թոռնուհու խնամակալն ինքն է, սակայն քանի որ չի կարողանում պահել նրան, աղջկան տանում է գիշերօթիկ դպրոց։ Բարդ ճակատագրով կին է»,- պատմեց նա։
Դերասանուհին էջ է բացել Ինստագրամում, ոգևորությամբ նկատեց, որ զգում է ժողովրդի սերը․ «Ինձ հազարներով մարդիկ են գրում։ Երբ գրել էի, որ նկարահանվելու եմ, շատ մարդիկ էին ուրախացել։ Ես զգում եմ, որ ժողովրդի սերը շատ է, դա ինձ շատ է ոգևորում»։
Նա պատմեց, որ շատ է ոգևորվել նոր առաջարկով։ «Հիմա երեսիս գույնն էլ է փոխվել։ Արդեն ինչ-որ հույսեր կա, որ լավ կլինի։ Լավ մարդիկ էլ կան։ Ես իմ առանձնակի շնորհակալությունը հայտնել եմ Ելենա Արշակյանին։ Իրենք էլ ինձ են շատ հավանում, նկարահանումից հետո ծափահարեցին, շատ եմ ոգևորվել այդ վերաբերմունքից։ Անհամբեր սպասում եմ հաջորդ նկարահանմանը։ Ամբողջ գիշերը չեմ քնել, պատկերացրել եմ՝ ինչպես եմ խաղալու, ինչ եմ անելու։ Սրտիս աշխատանքն արագացել էր։ Ես նվիրվող եմ։ Պրոֆեսիոնալ մարդիկ այդպիսին պետք է լինեն, ոչ թե քնեն, մեկ էլ հասկանան, որ 5 րոպեից նկարահանման են»,- ասաց դերասանուհին։
Ամբողջությամբ՝ tert.am.life