Ջուրը կենսական նշանակություն ունեցող հեղուկ է, առանց որի մարդու օրգանիզմում տեղի ունեցող կարևորագույն գործընթացները պարզապես կանգ կառնեն, ուստի օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմելը շատ կարևոր է։ Այնուամենայնիվ քչերին է հայտնի, թե որքան ջուր է հարկավոր խմել օրգանիզմն ինչպես հարկն է խոնավացնելու համար։
Բժիշկ-սննդաբան Իննա Կոնոնենկոն ներկայացրել է՝ օրական որքան ջուր է հարկավոր օրգանիզմին։ Ջրի օրական նորման տարբեր մարդկանց համար տարբեր է լինում և այն կարելի է որոշել պարզ բանաձևի միջոցով։ Ինչպես նշել է մասնագետը՝ մարմնի զանգվածի յուրաքանչյուր մեկ կիլոգրամի դիմաց հարկավոր է խմել 40 մլ ջուր։ Ընդ որում՝ ջրի այս քանակությունը ներառում է նաև օրվա ընթացքում օգտագործվող թեյը, սուրճը, հյութերը, ապուրներն ու մրգերից ստացված հեղուկը։ Սա է պատճառը, որ մասնագետը խորհուրդ է տալիս խմել ոչ թե 2 լիտր և ավելի ջուր, ինչպես խորհուրդ են տալիս շատ մասնագետներ, այլ ընդամենը 1,5 լիտր։
Բժշկի խոսքով՝ ջրի բավարար գործածությունը շատ կարևոր է, սակայն դրա չարաշահումը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել։ Նորմայից շատ ջրի գործածությունը սրտանոթային հիվանդությունների դեպքում կարող է հանգեցնել զարկերակային ճնշման տատանումների, քանի որ անոթները չեն հասցնում բավական լայնանալ շրջանառվող արյան քանակությանը համապատասխանելու համար։
Մեծ քանակությամբ ջրի գործածությունը կարող է վնասակար լինել նաև սպիտակուցների դեֆիցիտի դեպքում, քանի որ ավելորդ հեղուկը խոչընդոտում է դրա յուրացմանը։ Բացի այդ, ջրի չարաշահման դեպքում արագանում է ջրալույծ վիտամինների ու հանքանյութերի՝ օրգանիզմից դուրս գալու գործընթացը։ Ընդ որում՝ առավել վտանգավոր է միանգամից մեծ քանակությամբ ջուր խմելը (200-500մլ), նախազգուշացրել է բժիշկը։
Նյութի աղբյուրը՝ med2.ru