Շատերը պահքի ժամանակ սկսում են բուսական դիետա պահել: Ի՞նչ մթերքներ է խորհուրդ տրվում ավելացնել սննդակարգին՝ առավելագույն օգուտ ստանալու համար:
Սունկ
Սունկը հակաօքսիդանտների լավ աղբյուր է համարվում, այն օգնում է պայքարել բորբոքումների, ծերացման եւ քաղցկեղի դեմ: Շատ սունկ ուտող մարդիկ 34 տոկոսով ավելի հազվադեպ են հիվանդանում քաղցկեղով, քան նրանք, ովքեր այս մթերքից շատ քիչ կամ ընդհանրապես չեն ուտում: Ըստ ուսումնասիրությունների՝ սունկ ուտելու դեպքում կրծքագեղձի ուռուցքի առաջացման վտանգը կրճատվում է 35 տոկոսով։
Լոլիկ
Լոլիկը հարուստ է վիտամին C-ով եւ կարոտինոիդ լիկոպենով։ Կարոտինոիդներն այն պիգմենտներն են, որոնք բանջարեղենին վառ գույներ են տալիս: Համաձայն ուսումնասիրությունների՝ այն մարդիկ, որոնք 6 շաբաթվա ընթացքում օրական մեկուկես մեծ լոլիկ կամ մեկուկես բաժակ լոլիկի հյութ են օգտագործում, արյան մեջ «վատ» խոլեստերինի եւ տրիգլիցերիդների մակարդակն ավելի ցածր է լինում, իսկ դրանք մեծացնում են սրտի հիվանդությունների զարգացման վտանգը։
Վարսակ
Համարվում է, որ վարսակի ամբողջական հատիկների եւ վարսակի խոշոր փաթիլների օգտագործումը զգալիորեն նվազեցնում է շաքարի եւ ինսուլինի մակարդակը: Ճիշտ է, եթե դուք վարսակի արագ եփվող փաթիլներ եք օգտագործում, ապա այն այդքան էլ առողջարար չէ՝ համեմատած քիչ մշակված հացահատիկների հետ, որոնք մարսելու ու յուրացնելու համար օրգանիզմին ավելի շատ ժամանակ է պետք։
Ընտրեք ամբողջական հատիկներով վարսակ՝ ձավարի կամ փաթիլների տեսքով, որոնք նաեւ բետա-գլյուկանների լուծվող մանրաթելերի հիանալի աղբյուր են, դրանք օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը:
Դդում
Դդումը պարունակում է բետա-կարոտին, որն օգտագործելուց հետո վերածվում է վիտամին A-ի եւ նպաստում վարակների դեմ պայքարող հակամարմինների արտադրությանը։ Հետազոտությունների համաձայն՝ դդումի, ինչպես նաեւ բետա-կարոտինով հարուստ այլ մթերքների (գազար, քաղցր կարտոֆիլ եւ տերեւավոր կանաչեղեն) սիրահարների մոտ 15 տոկոսով պակաս է սրտանոթային հիվանդությունների, ինսուլտների եւ ցանկացած պատճառով մահվան ռիսկը: