National Geographic հայտնի պարբերականը վերջերս հրապարակել էր ծավալուն հոդված՝ «Ի՞նչ է պատահում, երբ նոր համաճարակը հարվածում է հին քաղաքին» վերնագրով (https://www.nationalgeographic.com/travel/2020/03/how-venice-is-contending-with-coronavirus/), որտեղ, նոր կորոնավիրուսի համատեքստում, անդրադարձ էր կատարվում Վենետիկին պատուհասած համաճարակներին, որոնցից ամենասարսափելին «Սև մահն» էր՝ Կենտրոնական Ասիայից Եվրոպա ներթափանցած ժանտախտի մահաբեր համաճարակը (Եվրոպայում այն տարածված էր 1346-1353թթ․)։ Միայն Եվրոպայում այս համաճարակը խլեց ավելի քան 50 մլն մարդու կյանք՝ բնակչության մոտ ¼ մասը։ Այս համաճարակի ընթացքում Վենետիկը կորցրեց իր բնակչության ¾ -ը։ Հետաքրքիր է, որ Կարանտինի առաջին ինստիտուցիոնալ համակարգը կիրառվել է հենց Վենետիկում՝ համաճարակի օջախից վարակի տարածումը կանխելու և օջախը վերացնելու նպատակով։ Կարանտինի ժամանակ քաղաք մուտք գործող բոլոր ճանապարհորդները, առևտրականները, պետք է մնային այնտեղ 40 օր։ Վենետիկին մոտեցող յուրաքանչյուր նավ ևս պարտավոր էր 40 օր մնալ նավահանգստում (այստեղից էլ անվանումը՝ կարանտին՝ guarantena, qaranta giorni– քառասուն օր)։
Վենետիկին պատուհասած մյուս մահաբեր ժանտախտը, որին զոհ գնաց ավելի քան 50․000 վենետիկցի՝ քաղաքի բնակչության գրեթե մեկ երրորդը (1575-1577թթ.), հնարավոր եղավ կանխել հայազգի Անտոն Սուրիանի ջանքերով։ Գյուտարար, ճարտարագետ, զինագործ, դեղագործ, բժիշկ, բարերար Անտոն Սուրիանին վիճակված էր դառնալու Իտալիայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, և շուրջ երեսուն տարի վճռորոշ դեր ունենալ Իտալիայի հասարակական-քաղաքական կյանքում։
***
Անտոն Սուրիանի կյանքի և գործունեության մասին մինչև այժմ մեզ հասանելի բոլոր տեղեկությունները քաղված են Ղևոնդ Ալիշանի «Հայ-Վենետ կամ յարընչութիւնք հայոց եւ վենետաց» կոթողային աշխատությունից (Վենետիկ, 1896), որն ունի սկզբնաղբյուրի արժեք, թեև համացանցում շրջանառվող հոդվածների բացարձակ մեծամասնության մեջ խոսք անգամ չկա սկզբնաղբյուրի մասին։ 1993 թ. Իտալիայում Ալերամո Հերմետի (ծագումով հայ՝ Հերմեթյան տոհմից) և Պաոլա Դեզիոյի հեղինակությամբ լույս տեսած «Հայերի Վենետիկը» գրքում, որը ըստ էության Իտալիայում հայկական կյանքի ընդարձակ փաստագրություն է, Սուրիանին վերաբերող հատվածը ևս գրված է Ալիշանի գրքի հիմամբ (բացառությամբ նորահայտ փաստաթղթերը, որոնք հայտնաբերվել են Իտալիայի պետական արխիվում)։
Սուրիանը ենթադրաբար ծնվել է 1541 թվականին՝ «Միջագետքի կամ Ասորիքի կողմերում»։ 1559թ․-ին տաղափոխվում է Վենետիկ։ Եվ քանի որ 16-րդ դարում Իտալիայում Միջագետքը և Ասորիքը անվանում էին Սիրիա, Անտոնին գրանցում են որպես «Սուրիան»։ Անվան տառադարձումն ըստ Ալիշանի է, ժամանակակից արևելահայ տառադարձմամբ պետք է լիներ «Սիրիան»․ «Իր յատուկ կամ մկրտութեան անունն է Անտոն, մականունն Սուրիան, որ կամ նոյնպէս յատուկ անուն է, եւ կամ թերեւս հայրենեօք ` Միջագետաց եւ Ասորւոց կողմէն ըլլալով` այսպէս կոչուած ըլլայ յԻտալացւոց, որք Սիրիա կամ Սուրիա կանուանեն այն կողմերը. արդ դիւանաց մէջ կու գրուի սա Antonia Suriano detto l Armeno, Անտոն Սուրիան` կոչեցեալն Հայ»,- գրում է Ալիշանը։
Վենետիկ հասնելուն պես Սուրիանը խնդրագիր է ուղարկում դոժին և ծերակույտին՝ իր մասնագիտական կարողությունները, կապված նավաշինության հետ, պետության զարգացմանն ի սպաս դնելու։ Ըստ Ալիշանի այս խնդրագիրը առաջին փաստաթուղթն է, որտեղ հիշատակվում է վերջինիս անունը («Առաջին անգամ Հայ Անտոնի անունը՝ կու գինեմք իրմէ յիշուած իր մէկ աղերսագրին մէջ առ Դուքսն Վենետկոյ եւ առ ծերակոյտն։ (ի 24 յունիսի, 1561)․ երկու տարի ըրած գործոյն համար։ Յամսեան հոկտեմբերի, 1559 տարւոյն, առաջին աղերսագիր մի տուեր է մեծ եւ դժուարին ձեռնարկութեան մի, որ որքան իրեն պատիւ կըրնար բերել, գուցէ ոչ շատ պակաս` ամօթ Վենետաց, որք այնքան ճարտարք էին ի նաւաշինութեան, ի նաւարկութեան եւ ի նաւամարտի. բայց` կամ երբեմն զգաստութիւննին կու պակսէր, կամ ծովն անոր ալ կու յաղթէր. եւ կամ չէր բաւեր իրենց հնարքն` նաւահանգիստը ապահովցընելու յամենայն վտանգաց»):
Սուրիանը մշակում է մեծ նավերը ջուրն իջեցնելու և ջրասույզ նավերը բարձրացնելու նոր համակարգ, ինչպես նաև ստեղծում է սարք, որով հնարավոր է դառնում ծովի ափամերձ հատվածները ազատել տիղմից։ Արդեն մեծ համբավ վայելող Սուրիանը սկսում է զբաղվել նաև սպառազինության մշակմամբ, մասնավորապես՝ ալբարետների և թնդանոթների։
1571թ․ Լեպանտոյի ծովային ճակատամարտում Սուրիանը կարողանում է այնպիսի ճշգրտությամբ դասավորել վենետիկյան նավերը, որ մեծանում է թե՛ հարվածների դիպուկությունը, թե պաշտպանվածությունը։ Մարտավարական անսխալ հաշվարկների արդյունքում հնարավոր է դառնում ջախջախել ու ետ շպրտել Ալի փաշայի գլխավորած թուրքական նավատորմը։ Այս հաղթանակով որոշվեց ոչ միայն Վենետիկի, այլև՝ ամբողջ Եվրոպայի ճակատագիրը։
Ի դեպ, Լեպանտոյի ճակատամարտին մասնակցել և վիրավորվել է «Դոն Կիխոտ» վեպի հեղինակ Միգել դե Սերվանտեսը։ Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ այս ճակատամարտում թե՛ թուրքերի և թե՛ Սրբազան լիգայի (Իսպանական կայսրության և Վենետիկյան հանրապետության ռազմական դաշինքը) շարքերում կռվող հայերը մեծ ներդրում են ունեցել թնդանոթի զարգացման գործում․ Օսմանյան նավատորմի սպա Կարապետ Բեյը, որպես նորամուծություն, առաջարկում է թնդանոթները ամրացնել շարժական հենարանների վրա՝ հրաձգությունից առաջացող ուժը կասեցնելու և նավի ցնցումները թուլացնելու նպատակով, իսկ Անտոն Սուրիանն առաջարկում է թնդանոթների փողերը ձուլել լցման եղանակով․ մինչև այդ՝ թնդանոթի փողը ձուլում էին խցանի օգնությամբ՝ այն պատում էին հալեցված չուգունով, սառեցնելուց հեռո հանում էին և ստացվում էր սնամեջ փող։
Լեպանտոյի ճակատամարտից որոշ ժամանակ անց՝ 1575թ․-ին Կենտրոնական Ասիայում բռնկված ժանտախտը հասնում է Եվրոպա։ Վենետիկը նույնպես հայտնվում է մահացու վարակի ճիրաններում։ Լավագույն բժիշկներն անգամ անզոր են լինում կանգնեցնելու այս համաճարակը․ Վենետիկը լցվում է վարակով ու մահացածներով։ Տեղի իշխանությունները քաղաքից դուրս՝ ծովի վրա, նավերից բաղկացած հիվանդանոց են կառուցում՝ վարակը քաղաքից մեկուսացնելու համար, սակայն՝ ապարդյուն։
Սուրիանը կրկին գրավոր խնդրագիր է ուղարկում դոժին՝ հայցելով թույտվություն վարակվածների բուժմանը ներգրավվելու համար, որովհետև առանց թույլտվության, «ապօրինի» բուժման փորձը, ժամանակի օրենքներով հանգեցնելու էր խիստ պատժի։ Կառավարությունն համաձայնում է․ 1575թ․-ի հուլիսից Սուրիանը ներգրավվում է համաճարակի դեմ պայքարին։ Զարմանալի է, բայց՝ փաստ․ նրան հաջողվում է, միայն իրեն հայտնի դեղամիջոցներով, հնարավորինս կանխել վարակի տարածումն ու բուժել հարյուրավոր մարդկանց։ Երկու տարի անց Վենետիկն արդեն ազատված էր ժանտախտից։ Վենետիկի Սենատի որոշմամբ նա արժանանում է բարձր պարգևի, կառավարությունը նրան մշտական ծառայության մեջ է պահում զինագործարանում՝ նշանակելով ցմահ սնունդ՝ օրական մեկ անգամ։ Վենետիկի Ժամանակակից պատմագիտությունը, անդրադառնալով այս համաճարակին, ընդունում է Սուրիանի՝ Վենետիկը ժանտախտից փրկելու փաստը։
Ինչ վերաբերում է Սուրիանի բժշկական կարողություններին ու դեղագործական հմտություններին, կարելի է ենթադրել, որ նա տիրապետել է բազմաբնույթ դեղեր պատրաստելու գաղտնիքներին, որին վստահաբար անտեղյակ էին ժամանակի առաջադեմ բժիշկները։ Հարյուրամյակների հեռավորությունը պատմաբաններին ու ոլորտի մասնագետներին թույլ է տալիս ամենատարբեր վարկածներն առաջ քաշել սրա վերաբերյալ։ Ամենահավանական տարբերակը թերևս այն է, որ Սուրիանը ձեռքի տակ ունեցել է ինչ-որ բժշկարան, օրինակ՝ հայ բնագետ-բժիշկ, մատենագետ Ամիրդովլաթ Ամասիացու գրքերը՝ «Ուսումն բժշկութեան» (Կ.Պոլիս, 1459թ.), «Ախրապատին» (Կ.Պոլիս, 1459թ.), «Բառք այբուբենական ի վերայ ցաւոցն» (1468 թ.), «Օգուտ բժշկութեան» (Ֆիլիպոլ, 1466-1469 թթ.) կամ «Անգիտաց անպէտ» (Կ.Պոլիս, 1478-1482 թ.թ.), որն, ի դեպ, ընդգրկում է 3754 անուն դեղանյութ և դեղագիտական գրականության մեջ աշխարհում առաջիններից է, իսկ 16-րդ դարում՝ ուղղակի բացառիկ մի բան։
Անտոնիո Սուրիանը մահանում է 1591 թ.օգոստոսի 22-ին, Վենետիկում։ Նրան թաղում են Սեն Մարտին եկեղեցում։
Սուրիանն ուներ տասը երեխա, որոնցից մի քանիսի անունները, ինչպես նաև՝ նրանց ժառանգներինը, կարելի է գտնել Վենետիկի զինանոցի արխիվների փաստաթղթերում։ Ինչ վերաբերում է հենց իր՝ Սուրիանին վերաբերող անհայտ փաստաթղթերին, ապա դրանք վստահապար գոյություն ունեն, գոնե Մխիթարյան միաբանության փակ արխիվներում՝ հաստատ․․․
Հրապարակման պատրաստեց ita.am-ը