1. Բաց թողեք նրան, եթե գիտեք, որ այլեւս երբեք միասին այնքան լավ չի լինի, որքան նախկինում
Բոլոր մարդիկ փոխվում են, եւ դա նորմալ է: Մենք կարող ենք հանկարծ հասկանալ, որ մեր եւ նախկինում մեր սիրելի մարդկանց ճաշակներն այժմ լիովին տարբեր են, տարբեր են ձգտումները, հոբբիներն ու երազանքները: Եթե այլեւս իրար չեք հասկանում, հավանական է, որ այդ հարաբերությունները մի օր ավարտվելու են: Գուցե չարժե ձգձգել: Չէ որ դա ավելի լավ է, քան կառչել նրանից, ինչն արդեն հետ չեք բերի, կամ էլ նրանից, ինչը գուցե երբեւէ չի էլ եղել: Ձեր ընկերները պարտավոր չեն ընկեր լինել ամբողջ կյանքում:
2. Բաց թողեք նրան, եթե հարաբերություններում վստահություն չկա
Եթե ձեր հոգու խորքում գիտեք, որ չեք կարող վստահել այդ մարդուն, որ նա վաղ թե ուշ կդավաճանի ձեզ, չարժե ինքներդ ձեզ հարցնել, թե պետք է արդյոք նա ձեզ: Վստահությունը եւ հավատարմությունը միշտ եղել են ցանկացած ընկերության եւ անձնական հարաբերությունների անկյունաքարը, եւ դա հենց այնպես չէ: Եթե այնպես է ստացվել, որ այդ ամենն ինչ-որ տեղ կորել է, դա անպայման պարանոյայի կհանգեցնի, նյարդայնության, լարված հարաբերությունների, ցասման, մի խոսքով` այն ամենին, առանց ինչի դուք լիովին ի վիճակի եք ապրել: Գտեք մեկին, ում հետ կարող եք կիսել ձեր գաղտնիքները, նույնիսկ` ամենաթանկ` իմանալով, որ եթե ձեզ վիճակված է բաժանվել, դրանք նույնիսկ պատահաբար դուրս չեն պրծնի նրա շուրթերից: Գտեք նրան, ում հավատարմությանը դուք չեք կասկածի: Հակառակ դեպքում ձեր հոգին հանգիստ չի գտնի:
3. Բաց թողեք նրան, եթե չեք հասկանում ձեր հանդեպ իրական վերաբերմունքը
Երբ ընկերությունը կամ անձնական հարաբերությունները հստակորեն գծագրված սահմաններ չունեն, այդ հարաբերությունները չի կարելի ոչ հաճելի, ոչ առողջ կոչել: Թեկուզ նրա համար, որ դուք անընդհատ փորձում եք կռահել, թե ինչ կարեւորություն ունեք այդ մարդու համար, կամ ընդհանրապես ունե՞ք որեւէ կարեւորություն: Եվ եթե, նրա կողքին լինելով, ձեզ արժեքավոր չեք զգում, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ ինչ-որ մեկն այդ կերպ վարվի ձեզ հետ: Ավելի լավ չի՞ լինի շփվել այնպիսի մարդու հետ, ում դուր է գալիս, որ դուք իր կյանքի մաս եք դարձել: Ով հպարտանում է, որ իրեն հաջողվել է ծանոթանալ ձեզ հետ եւ չի վախենում այդ մասին ասել ոչ ձեզ, ոչ էլ ուրիշ որեւէ մեկին:
4. Բաց թողեք նրան, եթե այդ հարաբերությունները կամ ընկերությունը վնաս են տալիս ձեզ
Եթե որեւէ մեկի հետ ընկերությունը կամ անձնական հարաբերությունները ձեզ դժբախտ են դարձնում, եկել է այդ մարդու հետ հարաբերությունները խզելու ժամանակը: Չի կարելի ապրել` մշտապես ինքդ քեզ թակարդում զգալով եւ մանավանդ թույլ տալով, որ ձեզ հետ վարվեն ավելի վատ, քան դուք արժանի եք: Այնպես որ, եթե ինչ-որ մեկը մշտապես ստորացնում է ձեզ, վիճում է ձեզ հետ, ձեզ վրա ուշադրություն չի դարձնում, հոգ չի տանում ձեր զգացմունքներին, ծաղրում է ձեզ` ձեզ ծիծաղի առարկա դարձնելով, ձեզ ստիպում է կասկածի առնել ինքներդ ձեզ կամ էլ ուղղակի իրեն այնպես է պահում, ասես թքած ձեզ վրա… ձեր կյանքն ազատեք բացասական հույզերից: Եվ որքան հնարավոր է, արագ: Ձեր մեջ գոնե մի կաթիլ ինքնահարգանք գտեք, այդ մարդուն հետեւում թողեք: