Որ ախտանշաններն են հուշում վահանագեղձի աշխատանքի խանգարումների մասին
Advertisement 1000 x 90

Որ ախտանշաններն են հուշում վահանագեղձի աշխատանքի խանգարումների մասին

Վահանագեղձը մարդու պարանոցի առջևի հատվածում գտնվող և թիթեռի ձև ունեցող փոքրիկ օրգան է, որը մասնակցում է օրգանիզմում ընթացող բազմաթիվ  կարևոր գործընթացներին։ Սա մարդու կարևորագույն օրգաններից է, որի աշխատանքի խանգարումը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ ընդհանուր առողջական վիճակի վրա, և հենց սա է պատճառը, որ հարկավոր է ժամանակին դիմել մասնագետին ու չանտեսել խնդրի մասին հուշող ախտանշանները։

Վահանագեղձի աշխատանքի խանգարումը ենթադրում է դրա արտադրած հորմոնների մակարդակի բարձրացում կամ նվազում։ Այս օրգանի առավել տարածված հիվանդություններն են հիպոթիրեոզն ու հիպերթիրեոզը, որոնցից առաջինի դեպքում վահանագեղձը չի արտադրում բավարար քանակությամբ հորմոն, իսկ երկրորդի դեպքում՝ նորմայից շատ է արտադրում։ Այս խանգարումները կարող են շատ վտանգավոր լինել, ուստի մասնագետները հորդորում են սովորել տարբերել դրանց մասին հուշող ախտանշաններն ու ոչ մի դեպքում չանտեսել դրանք։

Արտաքին փոփոխություններ

Վահանագեղձի աշխատանքի խանգարումը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու արտաքինի վրա՝ վատթարացնելով մազերի ու մաշկի վիճակը և առաջացնելով դեմքի ու պարանոցի այտուցներ։

Հոգեհուզական անկայունություն

Հիպերթիրեոզի դեպքում մարդը կարող է սովորականից անհանգիստ, նյարդայի ու դյուրագրգիռ լինել, մինչդեռ հիպոթիրեոզը բնորոշվում է դեպրեսիվ վիճակով։

Քաշի տատանումներ

Հիպոթիրեոզի դեպքում օրգանիզմում թիրօքսին հորմոնի մակարդակը նվազում է, ինչը հանգեցնում է առանց որևէ ակնհայտ պատճառի քաշի ավելացման։ Հիպերթիրեոզի դեպքում կարող է նկատվել քաշի նվազում անգամ լավ ախորժակի դեպքում։

Օրգանիզմի ջերմակարգավորման խանգարում

Հիպերթիրեոզով հիվանդները հաճախ են բախվում շոգի ու ջերմության զգացման խնդրին, մինչդեռ հիպոթիրեոզի դեպքում մարդիկ ավելի մրսկան են դառնում։ Ընդ որում՝ այս զգացողությունները կարող են կախված չլինել արտաքին օդի ջերմաստիճանից։

Տոնուսի կորուստ

Մշտական հոգնածությունը, թուլությունը, ուժերի անկումն ու քնի հետ կապված խնդիրները ևս կարող են հուշել վահանագեղձի հիվանդությունների մասին։

tert.am