Մենք պետք է միշտ դժգոհ լինենք մեզնից, երբ սկսենք գոհ լինել՝ ամեն ինչ ավարտված է. Սամվել Թոփալյանը՝ ներկայացումների և հետագա ծրագրերի մասին
Դերասան Սամվել Թոփալյանն այժմ խաղում է«Բռնիր ձեռքս» հեռուստասերիալում, չնայած նրան, որ դերասանը հայտնի է գեղարվեստական ֆիլմերում իր կերտած կերպարներով։ Tert.am Life-ի հետ զրույցում Սամվել Թոփալյանը պատմեց «Առաքել» ներկայացման, այս շրջանի զբաղվածության և ոլորտի մասին։
«Այս շրջանում հեռուստասերիալում ակտիվ նկարահանումների փուլ է, և հեռուստասերիալն արդեն տևական ժամանակ է, ինչ եթեր է հեռարձակվում»,– ասաց Սամվել Թոփալյանը։
Նա հավելեց, որ այս շրջանում գեղարվեստական ֆիլմերում չի նկարահանվում․«Այս փուլում չկան նմանօրինակ առաջարկներ, որպեսզի համաձայնեմ նկարահանվել»։
Հումորային նախագծերում չնկարահանվելու մասին խոսելիս Սամվել Թոփալյանը շեշտեց, որ ունեցել է նման փորձ, բայց հասկացել, որ այդ ձևաչափն իր համար չէ։
«Նկարահանվել եմ «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում, բայց նմանօրինակ նախագծերն ինձ համար չեն, ու ցավոք, մեր մոտ հումոր ասվածն այլ կերպ է մատուցվում»,– ասաց նա։ Բացի այդ, շեշտեց, որ գովազդներում և մեդիաարտադրանքում կան շատ բացթողումներ հումորային ձևաչափի վերաբերյալ։
«Գովազդներում անգամ, երբ ներկայացվում է շինարարի կերպար, նա սովորաբար մեծ ականջներով, թլիկ խոսացող, անհասկանալի մի մարդ է լինում և հենց այստեղ ամեն բան արժեզրկվում է, այն ինչ պետք է ցույց տանք, որ այդ շինարարը տուն և օջախ կառուցող, վարպետ մարդ է, ոչ թե անգրագետ մի կերպար, ինչպես ներկայացնում են»։
Ամբողջությամբ՝ tert.am.life