Կա բավական տարածված կարծիք, համաձայն որի՝ հասուն մարդը պետք է օրվա ընթացքում մոտ 2,5 լիտր ջուր խմի, սակայն թերապևտ Մարիա Սերգեևան վստահ է, որ օրական 8 բաժակ ջուր խմելու անհրաժեշտություն ոչ միշտ է լինում, քանի որ այս խորհուրդն իրականում ունիվերսալ չէ։
Ինչպես նշել է մասնագետը Life պարբերականի հետ զրույցում, առողջ օրգանիզմը միջինում կարող է օրական 2,5-3,5 լիտր ջրի կարիք ունենալ, սակայն սա համընդհանուր սկզբունք չէ, և ջրի նման քանակությունը ոչ բոլորի համար է նորմա համարվում։
«Առողջ մարդկանց մեծամասնության համար բավական կլինի ջուրն ըստ պահանջի՝ ծարավի զգացման դեպքում խմելը», – շեշտել է մասնագետը՝ հավելելով, որ այս կերպ օրգանիզմն ինքն է որոշում որքան ջրի կարիք ունի և ինքն է սահմանում իր անհատական չափորոշիչները։
Միևնույն ժամանակ մասնագետը նաև ընդգծել է, որ շատ կարևոր է ջրազրկումից խուսափելն ու օրգանիզմում ջրային բալանսը պահպանելը, ինչն առավել արդիական խնդիր է դառնում հեղուկի կորստին նպաստող իրավիճակների դեպքում։
Բացի այդ, Սերգեևան նաև հիշեցրել է, որ օրգանիզմը հեղուկն ստանում է ոչ միայն ըմպելիքներից, այլև սննդից, ուստի սննդակարգը ևս շատ կարևոր նշանակություն ունի օրգանիզմին անհրաժեշտ ջրի քանակությունը հաշվարկելիս։