COVID-19-ը կարող է բարդություններ առաջացնել մարմնի ցանկացած մասում, այդ թվում՝ աչքերում։ Ներկայացնում ենք որոշ խնդիրներ, որոնք կարող են առաջանալ կորոնավիրուսի պատճառով։
Կոնյուկտիվիտ
Կոնյուկտիվիտը համարվում է կորոնավիրուսի ամենատարածված աչքի ախտանիշներից մեկը։ Երբեմն մարդիկ, ովքեր զգում են այս ախտանիշը, այլ ախտանիշներ, ինչպիսիք են ջերմությունը, հոգնածությունը կամ շնչառական խնդիրներ, չեն ունենում, նշում են մասնագետները:
Աչքերի չորություն
Թեեւ մասնագետների կարծիքներն այս ախտանիշի հարցում տարբեր են, աչքերի չորության եւ կորոնավիրուսի միջեւ կապի հնարավորությունը բացառել չի կարելի: Կորոնավիրուսով վարակվածների 10 տոկոսի մոտ աչքերի չորություն է նկատվել: Դա կարող է պայմանավորված լինել COVID-19-ի եւ անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ACE2) միջեւ կապով: ACE2-ը, որի հետ կապվում է կորոնավիրուսը վարակվելիս, հայտնաբերվել է նաեւ կոնյուկտիվայի, աչքը ծածկող թաղանթի եւ կոպի ներսի հատվածի բջիջներում, նշել են մասնագետները:
Լույսի նկատմամբ զգայունություն
Կորոնավիրուսով վարակված մարդկանց մոտ կարող է նաեւ աչքի քոր առաջանալ եւ լույսի նկատմամբ զգայունության բարձրացում նկատվել:
Աչքերի ցավ
Կորոնավիրուսով վարակված մարդկանց մոտ աչքի ցավը աչքի ամենակարեւոր ախտանիշներից մեկն է համարվում։ Աչքի ցավն անհարմար զգացողություն է մեկ կամ երկու աչքերում կամ դրանց շուրջը: Հիվանդներն այս ախտանիշը նկարագրելիս նշում, են, որ կարծես իրենց աչքերի մեջ ավազ է հայտնվել:
Էնդոֆտալմիտ
Էնդոֆտալմիտը կարող է կորոնավիրուսի հազվագյուտ ախտանիշներից մեկը լինել։ Որոշ հիվանդների մոտ եղջերաթաղանթի բորբոքում է առաջացել, որն այնուհետեւ ակնախնձորի ներսում գտնվող հյուսվածքների կամ հեղուկների վարակ է առաջացրել, որը կոչվում է էնդոֆտալմիտ: Սակայն սա հիվանդության անսովոր նշան է: Էնդոֆտալմիտի ընդհանուր ախտանիշներից են կարմրությունը, ցավը, կոպերի այտուցը, արտադրությունն աչքերից եւ տեսողության խանգարումները: