Մասնագետը հայտնել է, թե որ դեպքերում է որովայնի ցավը ենթադրում դիմել անհապաղ բուժօգնության
Advertisement 1000 x 90

Մասնագետը հայտնել է, թե որ դեպքերում է որովայնի ցավը ենթադրում դիմել անհապաղ բուժօգնության

Որովայնի ցավը սովորաբար մտազուգորդվում է մարսողության խանգարման հետ և որպես կանոն անուշադրության է մատնվում կամ մեղմվում է ցավազրկող դեղամիջոցների օգնությամբ, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ այն կարող է պայմանավորված լինել մի շարք այլ խանգարումներով, որոնցից շատերի դեպքում անհապաղ միջոցներ չձեռնարկելը կարող է ճակատագրական լինել։

Բժիշկ Դանիել Գորդոնը ներկայացրել է՝ որ դեպքերում է որովայնի ցավը հուշում լուրջ խնդրի և անհապաղ բժշկին դիմելու անհրաժեշտության մասին։ Ըստ մասնագետի՝ ոչ մի դեպքում չի կարելի անտեսել անսպասելի որովայնի ցավը։

«Անսպասելի որովայնի ցավը վկայում է որովայնի խոռոչի օրգանների ախտաբանությունների և առողջական այլ լուրջ խնդիրների մասին», – շեշտել է մասնագետը՝ բացատրելով, որ կտրուկ ու վառ արտահայտված ցավը կարող է պայմանավորված լինել այնպիսի հիվանդություններով, ինչպիսին են  կույր աղու որդանման ելունի բորբոքումը, լեղապարկում քարերի առկայությունը, արյունահոսության բարձր վտանգով ստամոքսի խոցային հիվանդությունը և այլն։

Ցավը, որը տարածվում է նաև ցայլքի հատվածում, կարող է հուշել միզուղիների վարակների և երիկամային քարերի մասին, իսկ ցավը, որն ի հայտ է գալիս որովայնին սեղմելուց հետո, վկայում է շատ վտանգավոր բարդության՝ պերիտոնիտի կամ որովայնամզի բորբոքման մասին։

Գորդոնի խոսքով՝ որովայնի անբացատրելի և արտասովոր (օրինակ՝ չափազանց ուժգին) ցավն այն խնդիրն է, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել կամ պարզապես հանդուրժել։ Նման դեպքերում հարկավոր է հնարավորինս արագ դիմել բժշկին ու բուժզննում անցնել։

«Հարկավոր է մեկընդմիշտ հիշել այս կանոնը․ որովայնի կտրուկ, սաստիկ ցավը ենթադրում է անհապաղ բուժօգնություն», – ընդգծել է մասնագետը։

tert.am