Այսօր դերասանուհի Սոնա Մաթևոսյանը նշում է իր ծննդյան 33-ամյակը։ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է օրվա անակնկալների, տարիքի և երազանքների մասին:
«Վերջին տարիների ընթացքում չեմ պլանավորում ծնունդս ու փորձը ցույց է տալիս, որ այդ տարբերակով օրն ավելի հետաքրքիր է անցնում,- ասաց Սոնան և պատմեց, որ գիշերն ընկերները նրան անակնկալ են մատուցել: -Զանգեցին բակի աշխատակիցները 12-ի մոտակայքում և ասեցին,որ անհարմար տեղում եմ կայանել ավտոմեքենաս ու պետք է տեղափոխեմ, իջա բակ ու տեսնեմ Women’s Club-ի անձնակազմը տորթով եկել էին ծնունդս շնորհավորելու»:
Դերասանուհին ծննդյան օրերին ինքն իրեն նվերներ է անում: Նախորդ տարիների ընթացքում դերասանուհին սիմվոլիկ և փոքրիկ դաջվածքներ է արել:
«Անցած ծննդյանս օրը ևս չէի պլանավորել, ամեն բան ինքնահոսի էր ու պատահական ստացվել էր, այս անգամ ևս ոչինչ չեմ որոշել»,- ասաց նա:
Տարիքի մասին խոսելիս՝ Սոնան շեշտեց՝ իր համար տարիքը միայն թիվ է։
«Երբեք չեմ արժեվորել նման թվերը, քանի որ կարևոր է այն, ինչ մեր ներսում է: Առհասարակ՝ կարևոր է, թե դու քեզ ինչպիսին ես զգում, թվերը նշանակություն չունեն երբևէ»,- ասաց նա և հավելեց, որ վերջին տարիների ընթացքում իր երազանքը միակն է: -Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ երազում է խաղաղության մասին»: