Բլոգեր Միկա Բադալյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում` թելեգրամյան իր ալիքում հնչեցրած մտահոգության համար: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ բլոգերը ցուցմունք է տվել՝նշելով, որ ստույգ տեղեկություն չի ունեցել ՝ ահաբեկչություն նախապատրաստվում է, թե ոչ, ուղղակի որոշակի վերլուծություններ է կատարել՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին ու կարծիք հայտնել, որ հնարավոր է լինեն ահաբեկչություններ:
Միկա Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար: Բադալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարանը, որը մերժվել է: Նշենք, որ քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Բադալյանին, հարուցվել էր ԱԱԾ քննչական դեպարտամենտում, սակայն այժմ քննությունն իրականացվում է ՔԿ-ում: Գործը վերաբերում է Միկա Բադալյանի կողմից տելեգրամյան ալիքում արված հայտարարությանը՝ կապված հնարավոր ահաբեկչության մասին:
Պաշտպանության կողմը, սակայն, գտնում է, որ հանցակազմը բացակայում է, Բադալյանի կողմից պնդում չի արվել, վերջինս գնահատողական դատողություն է արել՝ հնարավոր ահաբեկչության մասին: Մասնավորապես, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, Բադալյանը մասամբ ցուցմունք տվել է, ինչպես նաև՝ ԱԱԾ-ում նախապատրաստվող նյութերի շրջանակներում բացատրություն տվել՝ նշելով, որ հստակ տեղեկություն չունի և չի ունեցել Հայաստանում նախապատրաստվող ահաբեկչության մասին, այլ հանդես է եկել դատողություններով:
«Այսինքն՝ ոչ թե դրա վերաբերյալ ստույգ պնդում է կատարել, այլ՝ ուղղակի իր կարծիքը, դատողությունն է ներկայացրել: Այդ իսկ պատճառով էլ հայտարարության մեջ ասել է, որ ահաբեկչությունները հնարավոր են ինչպես Երևանում, այնպես էլ՝դրանից դուրս: Մինչ այդ, սակայն, Փաշինյանի՝ ՌԴ այցի վերաբերյալ վերլուծություն է կատարել՝ ասելով, որ պետք է գնար՝ չեղարկեց, դրանից հետո՝ ամսի 19-ին պետք է գնար՝ կրկին ցանկանում է չեղարկել, չի ցանկանում Պուտինին հանդիպել, ապա նշել, որ, եթե դա չի ցանկանում անել, մնում է մեկ տարբերակ՝ արտակարգ դրություն մտցնելու, ինչի համատեքստում կօգտագործվեն Սասնա Ծռերը՝ որպես ահաբեկչական կազմակերպություն, ինչից հետո կարող են լինել ահաբեկչական ակտեր»,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ պետք է ամբողջ բովանդակությունը համակցության մեջ նայել՝ հասկանալու դա պնդում է, թե դատողություն: Ըստ պաշտպանության կողմի՝ այս պարագայում գործ ունենք դատողության, այլ ոչ թե՝ պնդման հետ, հետևաբար, հանցակազմ չկա:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Աղբյուր` Փաստինֆո