«Արմենիա Պրեմիում» ալիքի եթերում շարունակվում է «Ցանկալի փեսացու» նախագիծը, որտեղ կրքերն օր օրի թեժանում են: «Ցանկալի փեսացուն» մոտենում է եզրագծին: Այս շաբաթ եթերում կլինի եզրափակիչ հաղորդումը, որի ժամանակ պարզ կդառնա, թե ում է ընտրում Սոս Ջանիբեկյանը՝ Էվելինայի՞ն, թե՝ Սերինեին:
Կիսաեզրափակիչ փուլից դուրս մնաց Սաշան՝ Ալեքսանդրա Սամուելենկոն, ում շատերը դիտարկում էին որպես ֆավորիտ: Դեռևս նախագծի անոնսային լուսանկարների տարածումից հետո ցանցաբնակները գրում էին, որ ակնհայտ է՝ հաղթողը Սաշան է լինելու: Մասնակիցները ևս կադրից դուրս քննարկումներում Սաշային էին մատնանշում որպես հիմնական ֆավորիտ: Սակայն կիսաեզրափակչում Սոսը հրաժեշտ տվեց Սաշային:
Tert.am Life–ի հետ զրույցում Սաշան ասաց, որ իր համար անսպասելի չէր նախագծից դուրս մնալը: «Ես երբեք համոզված չեմ եղել, որ ես եմ հաղթելու: Բոլորն այդպես էին մտածում, բայց ես երբեք այդպես չեմ մտածել, որովհետև կյանք է, կարող է պահի տակ ինչ-որ բան փոխվել: Եթե ես շեկ, համակրելի աղջիկ եմ, անպայման չէ, որ հաղթեմ: Ես ի սկզբանե մտածում էի, որ Էվելինան է զբաղեցնելու առաջին տեղը»,- ասաց Սաշան:
Կիսաեզրափակչում, երբ Սոսը հանդիպում էր մասնակիցների հարազատների հետ, Սաշայի ընկերուհին նշեց, որ ինքը գիտի, որ Սաշան արդեն սիրահարված է Սոսին: «Սիրահարված լինելը, երևի, մի քիչ չափազանցրել է: Պարզապես, եթե ես շփվում եմ Սոսի հետ, նկարահանումները տևում են շատ երկար, մենք շփվում ենք և’ եթերում, և’ կադրից դուրս, ինչ-որ համակրանք է առաջանում, սակայն սիրահարվածություն չկար: Երբ ես դուրս եկա նախագծից, այդ ամենն արդեն կոտրվել էր»,- նշեց նա:
Սաշային հրաժեշտ տալիս Սոսը նշեց, որ իրենց հարաբերությունները շատ լավ էին առաջ գնում, սակայն ինչ-որ պահի ինչ-որ բան փոխվեց, և ինքը դադարեց հարմարավետ զգալ Սաշայի կողքին: Նրանից հետաքրքրվեցինք, թե ո՞ր պահին և ի՞նչը փոխվեց. «Ես գիտեմ այդ հարցի պատասխանը, սակայն չեմ կարող խոսել այդ մասին մինչև շոուի ավարտը: Դա մի բան է, որ մնացել է կադրից դուրս: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե այդ մասին Սոսը խոսի»:
Հարցին՝ կայացած ու ինքնավստահ կնոջ համար ի՞նչ է նշանակում մերժված լինելը, Սաշան պատասխանեց. «Կյանքը շարունակվում է: Ես աշխատում եմ ժպտալ կյանքին ու անցնել առաջ, դա տրագեդիա չդարձնել: Ես կանխատեսում էի, որ այդ շաբաթ դուրս եմ մնալու և պատրաստ էի լսել դա: Ինձ համար ավելի դժվար էր, որովհետև Էվելինան շատ էր ուզում, որ եզրափակչում միասին լինեինք: Աղջիկների մեջ ստեղծվել էր իրական ընկերություն: Ես, Էվելինան, Մերին, Անյան և Մարգարիտան շոուից հետո էլ ենք շարունակում շփվել, հաճախ հանդիպում ենք»:
Ամբողջությամբ՝ life.tert.am