Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մարդու ձեռքերը
Advertisement 1000 x 90

Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մարդու ձեռքերը

Մարդու օրգանիզմում բոլոր համակարգերը միմյանց կապված են, ուստի առողջական որևէ խնդրի դեպքում կարող են ի հայտ գալ մի շարք ախտանշաններ, որոնք կարող են առաջին հայացքից որևէ կապ չունենալ հիմնական խնդրի հետ, մինչդեռ դրանց ժամանակին ուշադրություն դարձնելը կօգնի օր առաջ ազատվել խանգարումներից։ Նման ախտանշանները կարող են լինել մարմնի որոշակի հատվածներում, օրինակ՝ ձեռքերին, սակայն դրանք կնախազգուշացնեն ամենատարբեր խնդիրների մասին։

Օրինակ՝ ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել ձեռքերի առատ քրտնարտադրությունը կամ այտուցվածությունը, քանի որ դրանք կարող են հուշել շատ վտանգավոր խանգարումների մասին, «Հինգերորդ ալիքի» հետ զրույցում նշել է բժիշկ-սրտաբան, ռևմատոլոգ Վիկտորյա Լվովսկայան։

Մասնագետի խոսքով՝ մշտապես քրտնող ձեռքերի դեպքում հարկավոր է դիմել ներզատաբանին, քանի որ դա կարող է պայմանավորված լինել վահանագեղձի հորմոնների առատ արտադրությամբ, իսկ այս օրգանի հիվանդությունները կործանարար ազդեցություն են ունենում ամբողջ օրգանիզմի վրա։

«Այս ախտանշանով հիվանդների մոտ արյան մեջ չափազանց շատ հորմոն է արտադրվում, որոնք էլ արագացնում են նյութափոխանակության գործընթացները», – նշել է մասնագետը։

Բացի այդ, վտանգավոր կարող է լինել նաև ձեռքերի մեծացումն ու այտուցվածությունը, որը կարող է նախազգուշացնել հիպոֆիզի՝ գլխուղեղի՝ աճի, նյութափոխանակության ու վերարտադրողական գործառույթների համար պատասխանատու հորմոններն արտադրող հատվածի ուռուցքների մասին։

Սրտաբանը նաև խորհուրդ է տվել զգոն լինել մատների թմրածության կամ մաշկի դեղնավուն երանգի դեռքում, քանի որ այս ախտանշանները կարող են հուշել նյարդաբանական լուրջ խնդիրների զարգացման կամ լյարդի ու լեղապարկի աշխատանքի խանգարման մասին։

tert.am