ԱՄՆ-ից մի կին ցանկացել է միաժամանակ ազատվել իր տնից և նախկին ամուսնուց: Նա վաճառքի է հանել անշարժ գույքը՝ առաջարկելով զեղչ, եթե նախկին սիրեցյալին թույլատրեն մնալ, հայտնում է New York Post-ը:
43-ամյա Կրիստալ Բոլը որոշել է վաճառել գույքը 54-ամյա Ռիչարդ Շայուի հետ ամուսնալուծությունից անմիջապես հետո: Երեք ննջասենյակով և երկու լոգասենյակով տունը գտնվում է Ֆլորիդայի Պանամա Սիթի Բիչ առողջարանային քաղաքում։ Բոլը գույքի համար պահանջում է 699,000 դոլար, բայց եթե նոր սեփականատերը համաձայնի ապրել Ռիչարդի հետ, ինքը կհրաժարվի գնի կեսից և կվաճառի գույքը 349,000 դոլարով:
Ռիչարդը պատրաստ է տնային գործերով վճարել ապրելու համար. նա գիտի ինչպես պատրաստել, մաքրել, վերանորոգել կենցաղային տեխնիկան և իրերը։ Վաճառքի հայտարարությունը լրացվում է նրա տաղանդի զվարճալի նկարագրություններով և առանձնատան լուսանկարներով, որոնցում տիրոջ նախկին ամուսինը կեցվածք է ընդունում խաղալիք վագրի հետ:
Բոլի գրառումը մի քանի անգամ հանվել է, քանի որ անշարժ գույքի գործակալները կարծում են, որ այն խախտում է կայքի կանոնները: Կրիստալը համաձայն չէ դրա հետ: Նա պնդում է, որ Ֆլորիդայում վարձակալներով տուն վաճառելը սովորական պրակտիկա է: «Հուսով եմ, որ ինչ-որ մեկը կգնահատի հումորը և արագ կվերցնի ինձանից և՛ տունը, և՛ Ռիչարդին», – ասել է սեփականատերը: