Յուղոտ տապակած ու խորոված կարմիր միսը կարող է հանգեցնել սրտի նոպայի և սրտամկանի ինֆարկտի։ Կյանքի համար վտանգավոր այս խնդիրների զարգացման վտանգը առավել բարձր է զարկերակային գերճնշումով ու սրտի հիվանդություններով մարդկանց մոտ։ Այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում ասել է բժիշկ-սննդաբան Միխայիլ Գինզբուրգը։
Մասնագետը խորհուրդ է տվել բացառել խորոված միսը սննդակարգից կամ օգտագործել այն խիստ հազվադեպ՝ ոչ մի դեպքում չհամադրելով ալկոհոլի հետ։ Բացի այդ, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում խորոված մսի գործածությունից առաջ հարկավոր է անպայման որևէ շիլա ու մի կտոր հաց ուտել։
«Ուտում ես շիլան, որից հետո միայն խորովածը։ Դրանից հետո հարկավոր է անպայման բանջարեղեն ու թարմ կանաչեղեն ուտել, ինչը «կհաշտեցնի» ստամոքն իրականության հետ ու մի փոքր կփոխհատուցի վնասակար ազդեցությունը։ Ստամոքսի հիվանդությունների սրման դեպքում լավ կլինի առհասարակ խորոված չուտել», – նշել է Գինզբուրգը։
Մասնագետի խոսքով՝ սա աղի ու յուղոտ մթերք է, որը խորացնում է զարկերակային գերճնշումը, ենթաստամոքսային գեղձի ու լեղապարկի հիվանդությունները, աթերոսկլերոզն ու շաքարային դիաբետը։ Որոշ դեպքերում յուղոտ մսի չարաշահումը կարող է հանգեցնել անգամ մահվան։ Բանն այն է, որ սրտի հիվանդությունների, զարկերակային ճնշման տատանումների, ինչպես նաև ալկոհոլի գործածության դեպքում խորովածի գործածությունը կարող է շատ վտանգավոր լինել․ նման գործոնների համադրությունը կարող է հանգեցնել սրտամկանի ինֆարկտի։
Ավելին՝ անգամ լիարժեք առողջ մարդուն մասնագետը խորհուրդ չի տալիս չարաշահել նման մթերքը։ Նրա խոսքով՝ նման դեպքերում առողջական խնդիրների չբախվելու համար շաբաթական կարելի է ուտել երկու կամ երեք կտոր խորոված։