Ճիշտ նախաճաշն օրվա լավ սկզբի կարևորագույն գործոնն է, քանի որ ապահովում է ակտիվ օրվա համար անհրաժեշտ էներգիայով ու օրգանիզմի կենսագործունության համար անհրաժեշտ սննդարար նյութերով, ուստի սննդամթերքի ընտրությանը հարկավոր է լրջորեն մոտենալ։ Մասնագետները հաճախ են շեշտում, որ գոյություն ունեն սննդամթերքի տեսակներ, որոնք դատարկ ստամոքսին օգտագործելը հակացուցված է, մինչդեռ մարդիկ հաճախ են դրանք օգտագործում նախաճաշին, ինչը կարող է առողջական մի շարք խնդիրների զարգացման պատճառ դառնալ։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ավելի զգոն լինել ու ճիշտ մթերքով նախաճաշել, ուստի հարկավոր է անպայման իմանալ՝ սննդամթերքի որ տեսակները չի կարելի օգտագործել դատարկ ստամոքսին:
Ինչպես նշել է սննդաբան Ելենա Սոլոմատինան «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում, նախաճաշից առաջ շատերը կիտրոնով ջուր են խմում՝ համարելով այն օգտակար, սակայն նման ըմպելիքը կարող է հանգեցնել գաստրիտի կամ գրգռել արդեն իսկ առկա խոցերը։
Բացի այդ, մասնագետը խորհուրդ չի տալիս նաև դատարկ ստամոքսին սուրճ խմել, եթե անգամ այն կաթով է։
«Սուրճը բավական ագրեսիվ մթերք է։ Շատերը սովոր են համատեղել առավոտյան մի բաժակ ամերիկանոն կամ կապուչինոն ծխախոտի հետ, ինչը ևս վնասակար է ստամոքսի համար», – շեշտել է Սոլոմատինան՝ հավելելով, որ հարկավոր է զգույշ լինել նաև թեյի դեպքում, եթե այն պարունակում է կոճապղպեղ, քանի որ դատարկ ստամոքսին խմելու դեպքում այս ըմպելիքը կարող է գրգռել ստամոքսի պատերը։
Մասնագետի խոսքով՝ առավել վնասակար սովորություն է համարվում արագ ածխաջրերով հարուստ մթերքի գործածությունը։ Դրանց շարքին են դասվում օշարակներով ջուրը, սպիտակ հացն ու բրնձով շիլան։ Մեծ քանակությամբ արագ ածխաջրերի գործածությունը հանգեցնում է ինսուլինի նկատմամբ զգայունության թուլացման ու բարձրացնում է հետագայում թրոմբների առաջացման վտանգը։