Բոլորն են ցանկանում ուժեղ եւ առողջ իմունային համակարգ ունենալ, իսկ վերջին 2 տարվա ընթացքում COVID-19 համավարակի պատճառով լավ աշխատող իմունային համակարգի կարեւորությունն էլ ավելի ակնհայտ է դարձել, գրում է Eat This, Not That:
Բժիշկ Ռիտու Սալույա-Շարման պատմել է վեց սարսափելի սովորությունների մասին, որոնք ոչնչացնում են իմունային համակարգը։
Որպես առաջին կետ փորձագետ նշել է անբավարար քունը: Նրա խոսքով՝ քնի պակասը ոչ միայն խաթարում է վարակների դեմ պայքարելու կարողությունը եւ դանդաղեցնում է վերականգնումը, այլեւ կարող է ցիրկադային ռիթմի խանգարման հանգեցնել՝ մեծացնելով քաղցկեղի, սրտի հիվանդությունների եւ 2-րդ տիպի շաքարախտի ռիսկը:
Բժիշկը բացատրել է, որ սննդանյութերի ոչ բավարար ընդունումը եւս վնասակար է իմունային համակարգի համար։ Փորձագետը նշել է, որ սննդանյութերով հարուստ սննդակարգի լավագույն միջոցն օրական առնվազն 5 չափաբաժին միրգ եւ բանջարեղեն օգտագործելն է՝ օրգանիզմը մի շարք վիտամիններով, հանքանյութերով, ֆիտոնուտրիենտներով եւ հակաօքսիդանտներով ապահովելու համար:
Իմունային համակարգի համար հատկապես վնասակար սովորությունների թվում բժիշկը նշել է նաեւ ոչ ակտիվ, նստակյաց կենսակերպը, ալկոհոլի չարաշահումը եւ ծխելը, որոնք հղի են վտանգավոր հիվանդությունների զարգացմամբ։
Մասնագետը պարզաբանել է, որ թեեւ իմունիտետը բարձրացնող բազմաթիվ մթերքներ եւ հավելումներ կան, սակայն իմունիտետը պահպանելու լավագույն միջոցն առողջ ապրելակերպն է: