Open Forum Infectious Diseases ամսագրում վերջերս հրապարակված հետազոտությունում գիտնականները նշել են, որ SARS-CoV-2 վիրուսը, որն առաջ է բերում կորոնավիրուսային վարակ, կարող է հայտնաբերվել շան հոտառության օգնությամբ։
Հետազոտողներն ուսումնասիրել են շների այն հատկությունը, որով նրանք կարողանում են տարբերել SARS-CoV-2-ի դրական նմուշները քրտնքի հսկիչ (SARS-CoV-2-բացասական) նմուշներից։
Շներին վարժեցրել են մոդելների օգնությամբ (պարգեւատրելու սկզբունքով), համապատասխան դրական եւ բացասական նմուշների օգտագործմամբ։ Սկզբում շներին վարժեցրել են որոշել դրական նմուշները, իսկ հետո տարբերել դրական նմուշները վերահսկիչ նմուշներից։ Շների պատասխանները համեմատվել են լաբորատոր հետազոտությունների արդյունքների հետ եւ գնահատվել են ըստ ճշգրտության։
Վերահսկիչ նմուշները հավաքվել են 6-97 տարեկան 584 մարդուց (ստացիոնար եւ ամբուլատոր)։ Դրանցից 141 դեպք (SARS-CoV-2-դրական) եւ 443 վերահսկիչ նմուշներով է եղել։ Վարժեցման փուլում գործի են դրվել երեք լաբրադոր եւ մեկ ոսկեգույն ռետրիվեր, իսկ թեստավորման փուլում՝ միայն լաբրադորներ։
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ շների հոտառությունը SARS-CoV-2-դրական նմուշների սքրինինգի համար կարող է ծառայել որպես ավելի անվտանգ, ոչ ինվազիվ, ոչ թանկ եւ արդյունավետ ախտորոշիչ գործիք։ Գիտնականները եկել են այն եզրակացության, որ շների հոտառությունը SARS-CoV-2-ի ախտորոշման ավելի ճշգրիտ մեթդ է։ Բացի այդ, հետազոտողներն առաջարկել են շներին օգտագործել դպրոցներում եւ հիվանդանոցներում՝ վիրուսի հայտնաբերման համար, որպեսզի կանգնեցնեն վարակի տարածումը։