Դիետան կարող է լավ ազդեցություն ունենալ առողջության, այդ թվում քնի եւ երկարակեցության վրա։ Փորձագետների կարծիքով՝ կան մթերքներ, որոնցից պետք է խուսափել, գրել է Express-ը։
«Պաղպաղակը շատ շաքար է պարունակում եւ կարող է բարձրացնել ինսուլինի մակարդակը, ինչը կարող է դժվարացնել քնելը»,- պարբերականին ասել է սննդի ու քնի գծով փորձագետ, For the Ageless ընկերության հիմնադիր Դանիել Պերես Վիդալը։
Նա թվարկել է այն մթերքները եւ ըմպելիքները, որոնցից պետք է խուսափել լավ քնել կարողանալու համար։ Մասնագետը բացատրել է, որ շաքարը խթանիչ է, ինչպես կոֆեինը, ուստի դրանցից պետք է խուսափել։
«Չպետք է օգտագործել նաեւ պանիր, սուր կերակուրներ, ինչպես քարին, պաղպաղակը եւ կարկանդակները»,- ասել է նա։
Մասնագետը խորհուրդ է տվել քնելուց անմիջապես առաջ խուսափել նաեւ կոֆեինից։
«Կոֆեինը խթանիչ է, եւ այն արդեն չպետք է ընդունել քնելուց չորս-վեց ժամ առաջ»- ասել է նա։
«Երբ քնելուց առաջ ուտում եք, ձեր օրգանիզմը սնունդը վերածում է էներգիայի, ինչից պետք է խւսափել։ Դա կարող է խանգարել մարսողությանը, ինչը կդժվարացնի քնելու պրոցեսը»,- ավելացրել է փորձագետը։
Վիդալը նշել է նաեւ, որ քարին եւ մյուս սուր համեմունքներն արագացնում են նյութափոխանակությունը, ինչը կարող է մարդուն ստիպել ավելի առույգ զգալ։
«Պանիրը չմարսվող մթերքների ցանկում է, այն կարող է առաջացնել որովայնի փքվածություն, ստամոսքի բորբոքում եւ գազագոյացում, ինչն անհարմարավետ է դարձնում քունը։ Պանիրը պարունակում է նաեւ տիրամին՝ ամինաթթու, որը նորադրենալին է առաջացնում։ Դա կարող է առույգացնել եւ խանգարել քնելուն»,- ասել է փորձագետը։