Ինչի մասին է վկայում խմորեղենի, քաղցրի, կծուի եւ աղիի հանդեպ հակումը
Advertisement 1000 x 90

Ինչի մասին է վկայում խմորեղենի, քաղցրի, կծուի եւ աղիի հանդեպ հակումը

Քաղցր, խմորեղեն, աղի, կծու որեւէ բան ուտելու ցանկությունը կարող է ազդարարել օրգանիզմում որոշակի միկրոէլեմենտների պակասի մասին, «Մոսկվա 24»-ին ասել է սննդաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Միրոշնիկովը։

Մասնագետի խոսքով՝ երբ մարդը սթրեսի մեջ է, նա ցանկանում է քաղցր բան ուտել։ Սակայն դա կարող է ճարպակալման եւ առողջական խնդիրների հանգեցնել: Փոխարենը, սննդաբանը խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ այն մթերքներին, որոնք մագնեզիում են պարունակում, որը մասնակցում է դոֆամինային՝ հաճույքի կենտրոնների աշխատանքին։ Այդ մթերքներից են, մասնավորապես, հնդկական ընկույզը, նուշը, ընկույզը, սակայն չափավոր քանակությամբ, «եւ դա ամբողջությամբ կփակի մագնեզիումի դեֆիցիտը, եթե այն կա»:

Միրոշնիկովը նաեւ բացատրել է, որ բուլկի ուտելու մշտական ցանկությունը կարող է վկայել օրգանիզմում քրոմի պակասի մասին։ Այս միկրոէլեմենտը մասնակցում է մեր բջիջների վրա ռեցեպտորների ձեւավորմանը: Այն կարելի է համալրել ծովամթերք ուտելով։

Եթե դուք ակտիվորեն զբաղվում եք սպորտով, ապա քրտինքի հետ մեկտեղ կորցնում եք նատրիումը, որը օրգանիզմի ամենակարեւոր միկրոէլեմենտն է, ասում է մասնագետը։ Օրգանիզմը փորձում է լրացնել բացակայող տարրը, իսկ մարդուն աղին է ձգում: Ուստի մասնագետը խորհուրդ է տալիս մարզումների ժամանակ նատրիումի քլորիդով հարուստ մի շիշ չգազավորված հանքային ջուր ունենալ եւ 15 րոպեն մեկ մեծ կում խմել։

Կծու սնունդ ուտելու ցանկությունը կարող է վկայել վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրների մասին, զգուշացնում է Միրոշնիկովը։ Պարզելու համար, թե արդյոք ամեն ինչ կարգին է, մասնագետը խորհուրդ է տալիս վահանաձեւ գեղձի հորմոնների հետազոտություն անցնել։

«Հենց վահանաձեւ գեղձն է պատասխանատու մեր նյութափոխանակության համար։ Երբ նրա աշխատանքը խաթարվում է, մեր նյութափոխանակությունը շատ կտրուկ իջնում է։ Հետաքրքիրն այն է, որ օրգանիզմն ինքն է սկսում փնտրել նյութափոխանակությունը բարձրացնող մթերքներ, եւ նա կարմիր պղպեղի մեջ պարունակվող կապսաիցինի պահանջ է զգում»,- եզրափակել է մասնագետը։

med.news.am