Ո՞ր հիվանդությունների դեպքում է լողավազանն օգտակար
Advertisement 1000 x 90

Ո՞ր հիվանդությունների դեպքում է լողավազանն օգտակար

Լողն ամենալավ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է տարբեր հիվանդությունների դեպքում: Ջրում մարզումները բացառում են գերլարվածությունն ու մկանների լարումը, ուստի լողավազանն օգնում է մարդկանց հոգեֆիզիկական վիճակն ամրապնդելուն: Բացի այդ՝ լողը բարձրացնում է տրամադրությունն ու հանգստացնում նյարդային համակարգը:

Սիրտը` սրտամկանի առողջությունը, շատ բանով կախված է նրանից, թե որքան է այն մարզվում ու հագենում թթվածնով: Ու գերբեռնվածությունից խուսափելու համար պետք է սիրտը տոնուսի մեջ պահել: Դա ոչ միայն ամրապնդում է սիրտը, այլև նվազեցնում ինֆարկտի վտանգը: Լողը բարելավում է դեպի սիրտ արյան հոսքն ու ելքը, ինչը խիստ թեթևացնում է նրա աշխատանքը:

Նույնիսկ սրտի վիրահատությունից հետո է խորհուրդ տրվում լողով զբաղվել՝ որպես վերականգնողական միջոց:

Սրտաբանները կարծում են, որ լողը սրտամկանի համար չափավոր բեռնվածություն է ապահովում:

Կանոնավոր լողով զբաղվելու դեպքում շնչառական համակարգի աշխատանքը նույնպես կբարելավվի:

Ջրում ճիշտ շնչառության դեպքում թթվածինը հասնում է թոքերի բոլոր հատվածները:

Դրա շնորհիվ թոքերում կանխվում են կանգային գործընթացները: Շնչառական համակարգը լողի ժամանակ առավելագույն է ծանրաբեռնվում, ու կրկնապատկվում է կենսատարողությունը, ընդ որում՝ վերականգնվում են շնչառական խաթարված ֆունկցիաները:

Լողի ժամանակ հիպերօդափոխություն է կատարվում թոքերում, մկանները դառնում է առավել առաձգական, իսկ տարբեր կպումները ներծծվում են: Բացի այդ՝ թոքերի շարժունակությունը կանխում է թոքերի պատերին մանրէների նստեցումը:

Նյարդային համակարգ

Ջրում պարապմունքներն օգնում են հաղթահարել դեպրեսիան: Բարելավվում է նյարդային համակարգի աշխատանքը: Հանդարտեցնում ու բարերար էմոցիոնալ ֆոն է ստեղծում, հավասարակշռում է գրգռման ու արգելակման գործընթացները, ինչը նշանակում է, որ նյարդային ու գրգռված մարդուն լողը հանգստացնում է, իսկ թույլին` աշխուժացնում:

Լողով պարապմունքը բարելավում է գլխուղեղի արյան շրջանառությունը, օգնում է պայքարել անքնության, մրսածական հիվանդությունների դեմ:

Սովորաբար այդ հիվանդությունների առկայության պարագայում մասնագետներն առաջարկում են կոփվել, ինչը ենթադրում է օրգանիզմը սովորեցնել հարմարվելու տարբեր ջերմաստիճանային պայմաններին:

Այդ խնդիրը լուծելուն հրաշալի օգնում են լողավազանային մարզումները: Հանվելիս, ցնցուղի տակ լվացվելիս, ջուրը մտնելիս ու դուրս գալիս և կրկին ցնցուղի տակ մտնելիս օրգանիզմը ենթարկվում է տարբեր ջերմաստիճանային պայմանների:

Հենաշարժողական համակարգ

Հենաշարժողական համակարգի խնդիր ունեցող մարդիկ նույնպես կարող են ջրային միջոցառումներով թեթևացնել և բուժել վիճակը:

Բայց պետք է հիշել, որ ծանր դեպքերում լողը հակացուցված է: Երբեմն լողավազանն օգնում է նույնիսկ այն մարդկանց, ովքեր ինքնուրույն չեն կարողանում քայլել, սակայն ջուրը մտնելով` այնպես են լողում, որ թվում է, թե ջրից դուրս մեկ ուրիշն էր:

Ջուրը փաստացի թուլացնում է բոլոր մկանները, ազատում ցավից, մոռացության տալիս տանջանքն ու ցավը:

Ու եթե մյուս ֆիզիկական շարժումներն ու ծանրաբեռնվածությունը ցավ են պատճառում ու կարող են վնասել, ապա լողը, հակառակը, զգուշությամբ ու մեղմորեն ձգում է մկաններն ու բացում կարծրացած հոդերը: Սակայն լողավազան հաճախելուց առաջ հարկ է մասնագետի հետ խորհրդակցել:

Լողավազան հաճախելու ճիշտ ձևը

Ինչպե՞ս կարելի է ձիգ ու աշխույժ լինել: Ինչպե՞ս կարելի է հաճույք ստանալ կոփվելուց: Պպատասխանը շատ պարզ է` լողավազան հաճախելով:

Լողավազան հաճախող մարդիկ հազվադեպ են հիվանդանում մրսելու հետևանքով առաջացող հիվանդություններով: Անկասկած, լողավազանային մարզումներն ամրապնդում են իմունիտետը:

Քլորը վտանգավոր չէ՞

Լողավազանի ջուրն ընդունված է վարակազերծել քլորացմամբ, օզոնացմամբ ու ֆտորացմամբ, երբեմն կիրառվում են ուլտրաձայնային և ուլտրամանուշակագույն մշակման եղանակները` պղնձի ու արծաթի իոնների կիրառմամբ:

Զանազան քիմիական խառնուրդներ կան, որոնք ախտահանող ազդեցություն են ունենում, սակայն դրանք չափազանց թանկ են, ուստի ստացվում է, որ, քլորացումից բացի, մյուս բոլոր միջոցներն այնքան էլ հարմար չեն:

Քլորը, ջրի մեջ հայտնվելով, առաջացնում է թթուներ, որոնք բարենպաստ չեն մաշկի ու լորձաթաղանթի համար:

Բոլոր նյութերը, որոնք գոյանում են ջուրը մշակելու ընթացքում, ընդհանուր առմամբ, գրգռում են մաշկը ու կարող են ալերգեն լինել: Այնուամենայնիվ, քլորը մինչ օրս ամենատարածված ախտահանող միջոցն է:

Ինչպե՞ս կարելի է պաշտպանվել քլորացված ջրի ազդեցությունից

Լողից առաջ կանանց խորհուրդ է տրվում կոսմետիկ միջոցները լվանալ, հեռացնել, քանի որ քլորն ու դրա միացություններն ինքնին ալերգածին են, իսկ դիմահարդարման միջոցների հետ այդ հատկություններն է՛լ ավելի կուժգնանան:

Կարելի է լողավազան մտնելուց առաջ հատուկ պաշտպանական քսուկներ կիրառել, որոնք թաղանթի նման կպաշտպանեն վնասակար նյութերի ազդեցությունից:

Հատուկ ակնոցը սուզալողի ժամանակ քլորի ազդեցությունից պաշտպանում է աչքերը:

Քլորացված ջուրն ալերգիկ կոնյուկտիվիտի պատճառ կարող է դառնալ, որն ուղեկցվում է բնորոշ քորով, այրոցի զգացումով, արցունքոտությամբ, կոպերի այտուցով ու այլ տհաճ զգացումներով:

Բնականաբար, նման դեպքերում աշխատունակությունը խիստ նվազում է: Ալերգիկ կոնյուկտիվիտի բուժման անհրաժեշտ պայման է ալերգածին նյութի լիովին բացառումը: Այս դեպքում հարկ է լողավազան չհաճախել:

Լողավազան հաճախելու դեպքում ցանկալի է հատուկ լողագլխարկ դնել:

Ի դեպ, մասնագիտացված լողորդները բացառապես սիլիկոնե գլխարկ են դնում: Որակյալ աքսեսուարները էժան չեն, սակայն այնքան կիպ են նստում, որ բացառում են ջրի շփումը մազերի հետ:

Ամեն դեպքում, խորհուրդ է տրվում մազերի խնամքի պարագաներ կիրառել` դրանց կառուցվածքը վերականգնելու համար:

Խորհուրդ է տրվում նախքան լողավազան մտնելն ու դուրս գալուց հետո ինտիմ կոսմետիկ գելեր ու ցողացիրներ կիրառել` անհրաժեշտ հակասեպտիկ պաշտպանություն ու լորձաթաղանթների խոնավություն ապահովելու նպատակով:

Անմիջապես լողավազանում սեռավարակներով վարակվելը գործնականում բացառվում է անձնական հիգիենայի կանոնները պահպանելու դեպքում: Ավելին՝ քլորացված ջրում ոչնչանում են բոլոր մանրէները: Ըստ մասնագետների՝ վարակման համար լորձաթաղանթի տրորման «էֆեկտ» պետք է լինի, ընդ որում՝ ախտածին մանրէի խտությունը պետք է մեծ լինի, ինչը նույնպես քլորացված ջրում գրեթե բացառվում է:

Ինտիմ առողջություն

Սա հաճախ բարձրացվող թեմա է բժշկական գրականության մեջ:

Սովորական պայմաններում (առողջ օրգանիզմում) նորմալ միկրոֆլորա է տիրում, մանրէների մի խումբ կա, որի գործունեությունն ապահովում է ինտիմ առողջությունը:

Նորմալ միկրոֆլորան 90% լակտոբակտերիաների և 10%-ից պակաս բիֆիդոբակտերիաների ու ստաֆիլակոկների, գարդներելների, կանդիդա սնկերի, ստրեպտոկոկերի, միկոպլազմայի ու ուրեապլազմայի ամբողջությունն է:

Իմունային համակարգը վարակի հարուցիչների դեպքում ագրեսիվ է գործում` կենսաբանորեն ակտիվ տարբեր նյութեր արտադրելով, որոնք պահպանում են հավասարակշռություն:

Այդ հավասարակշռության խախտումը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով:

Օրինակ` օրգանիզմի սառեցումը, հղիությամբ ու ծննդաբերությամբ պայմանավորված հորմոնալ ֆոնը, տարիքային փոփոխությունները, սթրեսային իրավիճակները, սխալ ինտիմ խնամքը, վարակի հարուցիչները, դեղորայքային երկարատև բուժումը, միկրոֆլորայի հավասարակշռության խախտումը, որոնք նաև հակաբիոտիկների կիրառման հետևանք են:

Մինչև վերջերս բժիշկները խորհուրդ էին տալիս ինտիմ պաշտպանության համար լողավազան հաճախելիս մանրէասպան նյութերով տոգորված միջադիրներ կիրառել, սակայն այդ միջոցներն, ինքնին, արդեն հեշտոցի հավասարակշռության խախտման են հանգեցնում, ուստի նման պաշտանությունը հազվադեպ է առաջարկվում: Ընդ որում՝ միջադիրները կարող են սխալ կիրառման դեպքում նպաստել ախտածին մանրէների բազմացմանը:

Եվ, վերջապես, կանանց խորհուրդ չի տրվում դաշտանային ցիկլի ժամանակ լողավազան գնալ, քանի որ իմունիտետը հատկապես այդ ժամանակ թուլացած է, ու բորբոքական գործընթացի հավանականությունը` շատ մեծ:

Լողավազանից հետո հարկ է կիրառել դեմքի ու մարմնի խնամքի միջոցներ, որոնք կվերականգնեն մաշկի վերին հիդրոլիպիդային պաշտպանիչ շերտը:

Այն ապահովում է մաշկի խոնավությունը, որի բացակայությունը հանգեցնում է խոնավության կորստի:

Սթրեսի մասին

Սթրեսը հաճախ է նույնացվում բացասական երևույթի հետ, սակայն լողավազան հաճախելն օրգանիզմի համար սթրես է:

Թեթև «ֆիզիոլոգիական» սթրես են տարատեսակ ջրային միջոցառումները` լողավազանում ֆիզիկական մարզումները, շոգեբաղնիքն ու բաղնիքը, ջրային մերսումը, տաք-սառը ցնցուղը:

Ֆիզիոլոգիական նշանակում է բնական գործընթաց, որի ժամանակ տեղի է ունենում կենսաբանական ակտիվ նյութերի արտադրություն, օրինակ` հորմոնների, որոնց օգնությամբ օրգանիզմը հարմարվում է շրջապատող միջավայրի պայմանների փոփոխություններին:

Տվյալ սթրեսը շատ օգտակար է օրգանիզմին: Այդ ժամանակ օրգանիզմն աշխուժանում է, իսկ իմունային համակարգը «մտապահում» է այդ վիճակը:

Ու որքան հաճախ են լողավազան կատարվող այցելությունները, այնքան այդ վիճակն ամրապնդվում է իմունային համակարգի «հիշողության մեջ։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/2177379775717463