Twitter սոցիալական ցանցը 150 միլիոն դոլարի տուգանք կվճարի օգտատերերի անձնական տվյալների հրապարակման համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության եւ Առեւտրի դաշնային հանձնաժողովի (FTC) համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է արդարադատության նախարարության կայքում։
Ըստ ԱՄՆ իշխանությունների հայցի՝ 2013 թվականի մայիսից մինչեւ 2019 թվականի սեպտեմբերը Twitter-ի վարչակազմը մոլորեցրել է օգտատերերին գաղտնի տվյալների օգտագործման հարցում։ Ինչպես տեղեկացնում են գերատեսչությունները, սոցիալական ցանցը թարգեթինգի համար օգտագործել է օգտատերերի հեռախոսահամարներն ու էլ.փոստի հասցեները։ Ընդհանուր առմամբ, FTC-ի տվյալներով, տուժել է ավելի քան 140 միլիոն օգտատեր:
Twitter-ը համաձայնել է վճարել տուգանքը եւ խոստացել է տվյալների պաշտպանության միջոցներ ձեռնարկել։ Մասնավորապես, սոցցանցի վարչակազմը պարտավոր է մշակել տվյալների գաղտնիության եւ տեղեկատվական անվտանգության ապահովման համապարփակ ծրագիր, իսկ հետագայում իրականացնել տվյալների անվտանգության համակարգի պարբերական ստուգումներ։ Բացի այդ, ընկերությունը պետք է զեկուցի ցանկացած նոր ապրանքի կամ ծառայության ներդրման մասին, որը հավաքում է օգտատերերի անձնական տվյալները: