1920թ. հունիսի 1-ին ԱՄՆ-ը կոնգրեսը մերժեց Հայաստանի մանդատը ստանձնելու նախագահ Վիլսոնի առաջարկը
Advertisement 1000 x 90

1920թ. հունիսի 1-ին ԱՄՆ-ը կոնգրեսը մերժեց Հայաստանի մանդատը ստանձնելու նախագահ Վիլսոնի առաջարկը

1920թ. հունիսի 1-ին ԱՄՆ-ը կոնգրեսը մերժեց Հայաստանի մանդատը ստանձնելու նախագահ Վիլսոնի առաջարկը:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ

Առաջին աշխարհամարտի արդյունքներն ամփոփելու նպատակով 1919թ․ հունվարի 18-ին Փարիզում հրավիրվում է Խաղաղության վեհաժողովը, որի աշխատանքների ժամանակ ակտիվորեն քննարկվում է նաեւ Հայկական հարցն ու Այսրկովկասում ստեղծված իրավիճակը։

1919թ. մարտին Ավետիս Ահարոնյանը Փարիզում ամերիկացի քաղաքական գործիչ Բաումանի հետ հանդիպման ժամանակ պնդում է, որ եթե ԱՄՆ-ը Հայաստանին չօգնի՝ երկիրը կորած է․ «Հայաստանն իբրև պետություն կամ այսօր պիտի կազմվի Ձեր օգնությամբ, կամ կորած է հավետ»: Մեկ ամիս անց ԱՄՆ նախագահ Վիլսոնը Փարիզում գտնվող իր առանձնատանն ընդունելով Ահարոնյանին ու Պողոս Նուբարին՝ ասում է, որ ինքը ցանկանում է, որ ԱՄՆ-ն ընդունի Հայաստանի մանդատը։

Չորսի խորհուրդի (Վ․ Վիլսոն, Լ․ Ջորջ, Ժ․ Կլեմանսո, Վ․ Օռլանդո) 1919թ․ մայիսի 14-ի նիստում վերստին քննարկվում է Հայկական հարցը եւ որոշվում է Հայաստանի նկատմամբ մանդատը հանձնել ԱՄՆ-ին։ 1919թ․ հունիսի 25-ին Փարիզում տեղի ունեցած Դաշնակից երկրների ղեկավարների խորհրդակցության ժամանակ Վիլսոնն այն կարծիքն է հայտնում, թե դաշնակիցների զորքերը պետք է մնան Թուրքիայից անջատվող բոլոր տարածքներում , մինչեւ վերջնականապես կարգավորվեն նրանց հարցերը։

1919-ի հուլիսի 5-ին Հինգի խորհուրդն ընդունում է հետեւյալ բանաձեւը․ «Գնդապետ Ուիլյամ Հասկելը (ԱՄՆ) նշանակվում է Հայաստանում գործելու իբրեւ Գերագույն կոմիսար՝ հանուն Ամերիկայի Միացյալ Նահանգների, բրիտանական, ֆրանսիական, եւ իտալական կառավարությունների․․․ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում եւ Կ․ Պոլսում ԱՄՆ, բրիտանական, ֆրանսիական ու իտալական բոլոր ներկայացուցիչները պետք է անմիջապես հրահանգ ստանան համագործակցելու գնդապետ Հասկելի հետ եւ աջակցեն նրան»։

Հայաստանի մանդատին առնչվող հարցերը համակողմանի ուսումնասիրելու եւ կոնգրեսին զեկուցագիր ներկայացնելու համար նախագահ Վիլսոնի որոշմամբ 1919-ի սեպտեմբերին Փոքր Ասիա ու Այսրկովկաս է գործուղվում ամերիկյան մի մեծ պատվիրակություն՝ գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ։

Հարբորդի առաքելության զեկուցագիրը, որտեղ առաջարկվում է Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի համար սահմանել մեկ ընդհանուր մանդատ (դա բացատրվում էր Այսրկովկասյան հանրապետությունների դեռեւս խախուտ պետականության, ինչպես նաեւ՝ հայ, թուրք ու վրացի ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող ընդգծված անհանդուրժողականության եւ նրանց միջեւ ռազմական բախումների փաստով) 1919թ․ հոկտեմբերի 16-ին ներկայացվում է պետդեպարտամենտին ու սենատին։

Դաշնակից երկրների շրջանում դեռեւս հստակություն չկար, թե ինչ սահմաններ է ունենալու Հայաստանը, եթե լուծվի նրա մանդատի կամ դե յուրե անկախությունը ճանաչելու հարցը:

1918-ի թուրքական արշավանքի արդյունքում Արեւմտյան Հայաստանը գրավված ու հայաթափված էր, իսկ 1920-ի գարնանը՝ Քեմալի բանակի թիվը հասնում էր 150 հազարի, որը այդ օրերին ակտիվ ռազմական գործողություններ էր վարում հունական բանակի դեմ եւ ձեռնամուխ էր եղել Կիլիկիայի հայության բնաջնջմանը: Էրզրումի, Տրապիզոնի ու Վանի գրավումը հայկական զինուժի կողմից անիրատեսական էր թվում, ավելին՝ նոր ձեւավորվող ռուս-թրքական դաշինքը սպառնում էր Հայաստանի հանրապետության գոյությանը:

1920-ի ապրիլի 19-26-ը կայացած Անտանտի երկրների Գերագույն խորհրդի Սան Ռեմոյի խորհրդաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը հայտարարում է, որ եթե ԱՄՆ-ը չվերցնի Հայաստանի հովանավորությունը՝ ինքը հնարավոր չի համարի Մեծ Հայաստանի ստեղծումը: Նա առաջարկում է հարցի լուծումը հետաձգել մինչեւ ԱՄՆ կողմից վերջնական որոշման ընդունումը: Միաժամանակ դաշնակից երկրների Գերագույն խորհուրդը դիմում է ԱՄՆ կառավարությանը եւ նախագահ Վուդրո Վիլսոնին՝ որպես անաչառ իրավարարի, որոշելու Հայաստանի սահմանների հարցը: Անտանտի երկրներին հատկապես հետաքրքրում էր, թե Տրապիզոնի, Էրզրումի, Բիթլիսի ու Վանի նահանգների որ մասը պետք է միացվի գոյություն ունեցող հայկական պետությանը:

ԱՄՆ նախագահ Վիլսոնը համաձայնվում է ստանձնել իրավարարի առաքելությունը: 1920թ. ապրիլի 23-ին, երբ դեռեւս ընթանում էր Սան Ռեմոյի կոնֆերանսը, ԱՄՆ կառավարությունը ճանաչում է ՀՀ կառավարությունը եւ նույն օրը պետքարտուղար Կոլբին այդ մասին գրավոր հայտնում է Վաշինգտոնում ՀՀ ներկայացուցիչ Գարեգին Բաստրմաճյանին՝ նշելով, որ ՀՀ փաստացի (de facto) ճանաչումով չի կանխորոշվում հայոց պետության սահմանները, այլ դրանք պետք է որոշվեն հետագայում: Ապրիլի 24-ին Սան Ռեմոյի խորհրդաժողովը հավանություն է տալիս Թուրքիայի հետ կնքվելիք հաշտության պայմանագրի նախագծին:

1920թ. մայիսի 24-ին Վ. Վիլսոնը դիմում է ԱՄՆ Կոնգրեսին՝ առաջարկելով համապատասխան լիազորություններ տալ իրեն՝ Հայաստանի մանդատը ստանձնելու եւ այնտեղ զորք ուղարկելու համար: Ուղերձում նշվում է, որ ամերիկյան ժողովուրդը մեծ համակրանք է տածում հայության նկատմամբ։

Թափ հավաքող թրքական ազգայնական շարժումը, ռուսների Այսրկովկաս ներխուժումն ու Ադրբեջանի խորհրդայնացումն (1920, ապրիլի 28) ավելի մեծաթիվ ու վճռական են դարձնում Հայաստանի մանդատը ստանձնելու հակառակորդներին: Հարցը սենատում քննարկման դնելուց օրեր առաջ էլ ռուսական բանակը ներխուժել էր ՀՀ տարածքը եւ բռնազավթել Արցախը:

Չմերժելով Հայաստանին օգնելու անհրաժեշտությունը՝ սենատորների ճնշող մեծամասնությունը հարցի քննարկման ժամանակ դեմ է արտահայտվում մանդատը վերցնելու առաջարկին։ Պարզ էր, որ Հայաստանի հովանավորությունը վերցնող երկիրը ոչ միայն զբաղվելու է մեծաթիվ գաղթականության եւ երկրի կործանված տնտեսությունը վերականգնելու խնդիրներով, այլեւ ամերիկյան զինուժի առջեւ ծառանալու էր Խորհրդային Ռուսաստանի ու քեմալականների հետ անմիջական ռազմական բախման մեջ մտնելու հարցը:

► Սենատոր Թոմսոնը գործընկերների ուշադրությունը հրավիրում է հետեւյալ հանգամանքի վրա. «Բոլշեւիկներն արդեն Հայաստանում են եւ նման պայմաններում ամերիկյան բանակի ներկայությունը կարող է առաջ բերել զինված ընդհարում ռուսների հետ»:

► Սենատոր Հիտչոկը, արտահայտելով մեծամասնության կարծիքը, նշում է, որ ԱՄՆ-ը չի կարող իր վրա վերցնել մանդատի պատասխանատվությունը, բայց առաջարկում է պարտքը մարելու հանձնառության դեպքում՝ Հայաստանին տրամադրել 50 միլիոն դոլար:

► Սենատոր Վ. Սմիթն իր ելույթում շեշտադրում է. «Հայաստանն անմշակ ու անբերրի երկիր է: Ֆրանսիան ու Անգլիան Մերձավոր ու Միջին Արեւելքում վերցրել են նավթով հարուստ հողերն ու պղնձի հանքերը, իսկ մեզ առաջարկում են այն, ինչը ոչինչ չի բերելու, բայց մեզնից խլելու է չափազանց մեծ գումարներ ու մարդկային կյանքեր»:

Ութ օր տեւած քննարկումներն ու վիճաբանություններն ավարտվում են նրանով, որ 1920 թ. հունիսի 1-ին ԱՄՆ կոնգրեսը որոշում է ընդունում Հայաստանի մանդատից հրաժարվելու մասին (Վիլսոնի առաջարկին սենատորներից 34-ը կողմ է քվեարկում, 43-ը՝ դեմ, 19-ը սենատոր քվեարկությանը չի մասնակցում): Սենատոր Հ. Քինգի խոսքերով՝ «կոնգրեսն այդ որոշումն ընդունեց հակառակ նախագահ Վիլսոնի կամքի եւ այդ որոշումը ճակատագրական նշանակություն ունեցավ Հայաստանի համար»:

Պատմաբան Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր