«Էնպես ապրենք, որ կյանքից հետո նույն տեղում հայտնվենք». Թերեզա Մխիթարյան
Advertisement 1000 x 90

«Էնպես ապրենք, որ կյանքից հետո նույն տեղում հայտնվենք». Թերեզա Մխիթարյան

Թերեզա Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից.

«12 տարի առաջ այս օրը նոր վերադարձել էի Հայաստանի իմ հերթական ուղևորությունից:

Դեռ ուշքի չէի եկել ճանապարհից…. ու զանգ եմ ստանում…եղբայրս՝ Արտուրը, լքել է այս աշխարհը. 28 տարեկան էր:

Ինձ շատ-շատ էր սիրում, ամեն տեղ պատմում էր. «Քուրս սենց, քուրս նենց»:

Շատ բարի էր, համով , հոտով , միշտ ժպիտով, ջիգյարով շատ:

– Որ գնաս Հայաստան, գյուղերի երեխաներին լիքը-լիքը կոնֆետ կնվիրես, թող ուրախանան….

Տոննաներով շոկոլադ ենք նվիրել գյուղերի երեխաներին այս տարիների ընթացքում ու միշտ իր բառերն եմ հիշում:

Որ լուրը լսեցի, մի քանի ժամ լացեցի, հետո նորից տոմս գնեցի դեպի Հայաստան:

Մի քիչ որ հանգստացա, ինչքան քրիստոնյա ընկերներ ունեմ, սկեցի հերթով զանգել բոլորին ու շատ խնդրել, որ Արտուրի համար աղոթեն: Քահանա ընկերներիս զանգեցի, պատարագներ խնդրեցի:

Հետո երեկոյան ժամը 8-9 էր, պառկեցի, որ մի քիչ հանգստանամ. տանը մենակ էի:

Պառկած եմ ու դիմացս տեսնում եմ լիքը-լիքը գլուխներ …… ոնց որ սենց մեեեեծ հերթ լիներ: Ոչ մեկի դեմքը չէի տեսնում, բացի Արտուրից:

⁃ Քու՜ր, – լսեցի Արտուրի ձայնը:

⁃ Արտուր, դու՞ ես:

⁃ Հա,հա, քուր, ես եմ: Ապրես շատ աղոթքների համար, հերթս ահագին առաջ է ընկել: Մերոնց կասես, որ ինձ համար չանհանգստանան: Եթե մեկին նեղացրել եմ, թող ինձ ների:

Հետո տարբեր լեզուներ էի լսում ու տեսա, որ Արտուրը հասկանում է:

⁃ Արտուր, բայց դու օտար լեզուներ չգիտես, ո՞նց ես հիմա հասկանում:

⁃ Քուր ջան, ես հիմա բոլոր լեզուները հասկանում եմ:

Աչքերս ստուգում էի, տեսնեմ՝ բաց են, թե երազ եմ տեսնում… բաց էին:

Գիշերվա ընթացքում մի քանի անգամ տենց գալիս էր Արտուրը , ինչ-որ բաներ էր ասում: Ամեն անգամ սկսում էր «քուուու՜ր» բառով:

Առավոտյան զարթնեցի, բայց էլ ոչ Արտուրը կար, ոչ էլ երկար հերթը:

Գնացի օդանավակայան, էն ժամանակ Zurich – Yerevan ուղիղ

թռիչք կար:

Նստեցի ինքնաթիռ, դեռ շոկի մեջ էի տեսածիցս, մտածում էի.«Կարո՞ղ ա շատ եմ հոգնել, կարո՞ղ ա ինձ թվացել ա»:

Ինքնաթիռը օդ բարձրացավ, կողքս մի մարդ էր նստած՝ սև շապիկով:

Սկսեցի խոսել հետը:

⁃ Դուք հավատու՞մ եք, որ կյանքից հետո կյանք կա,- հարցրի այդ անծանոթ մարդուն:

⁃ Իհարկե հավատում եմ, համոզված եմ դրանում, – պատասխանեց նա:

⁃ Դուք հավատու՞մ եք, որ եղբայրս մահացել է 2 օր առաջ, երեկ եկել է ու հետս խոսել է:

⁃ Իհարկե հավատում եմ: Մենք չենք կարող իրենց հետ շփվել, բայց իրենք կարող են:

⁃ Իսկ ինչու՞ է եղբայրս ինձ մոտ եկել, ինչու՞ չի գնացել ծնողներիս, ուրիշ հարազատների մոտ, – հարցրի ես:

⁃ Երկու պատճառ կարող է լինել. առաջինը՝ միգուցե նա եկել է քեզ մոտ, որովհետև քո հավատքով և զգացողությամբ ամենալուրջը կընդունեիր իրեն: Երկրորդը՝ Աստված միգուցե ուզել է քեզ վստահություն տալ , հանգստացնել քեզ, որ սա վերջը չի, աղոթքներդ գնահատել է ….

Այսպես երեք ժամ խոսեցինք, ու սև շապիկով անծանոթ մարդը պատասխանում էր իմ բոլոր հարցերին …. Ոնց որ ինձ ասում էր.«Չէ, չես գժվել, էդպես էլ կա»:

Ինքնաթիռից դուրս էինք գալիս արդեն, հարցրի սև շապիկով անծանոթ մարդուն:

⁃ Ի միջի այլոց , Դուք ի՞նչ եք անում կյանքում:

⁃ Ի միջի այլոց , Արքեպիսկոպոս եմ ….., – պատասխանեց նա:

Անունն ասաց, հեռախոսի համարն էլ տվեց, բայց հա՛մ անունն եմ մոռացել, հա՛մ էլ համարը կորցրել:

Էս տարիների ընթացքում միշտ փնտրել եմ Արքեպիսկոպոսին, ով այդքան ինձ օգնեց, բայց չեմ գտել:

Ինձ մի գիրք նվիրեց, հետո ասաց, որ իր քույրն էլ է մահացել 20 տարեկան հասակում ….. հետո ամեն տարի Ցյուրիխ էր գալիս:

Այս իրադարձությունը, իհարկե, իմ կյանքը շատ փոխեց: Իհարկե, դրանից առաջ էլ հավատում էի, որ կյանքից հետո կյանք կա, բայց Արտուրից հետո արդեն ոչ թե հավատում եմ, այլ գիտեմ:

Մի շատ կարևոր բան հասկացա Արտուրի շնորհիվ, որ մարդիկ, երբ լքում են այս աշխարհը, էլ ոչինչ չեն կարող անել իրենք իրենց համար, իրենց հոգիների: Բայց մենք կարող ենք:

Ահավոր շատ էի ուզում օգնել Արտուրին, որ շուտ հասնի Դրախտ :

Էդպիսի օր չկար, որ առավոտյան չաղոթեի Արտուրի համար, էդպիսի բան չկար , որ մոռանայի:

Ամեն կիրակի, եթե Ցյուրիխում էի, չէի ճանապարհորդում , գնում էի մի շատ գեղեցիկ սրբավայր, որտեղ վանականներ են ապրում ու խնդրում պատարագ Արտուրի համար:

Էդպիսի բան չկար, որ ցուրտ լիներ , անձրև գար, կարկուտ….. մի մետր ձյուն, ու ես դրա պատճառով չգնայի՝ պատարագ խնդրեի Արտուրի համար:

Դուռը ծեծում էի, բացում էին վանականները, ասում էին.

⁃ Բարի լույս : Եկել ես Արտուր եղբոր համար պատարագ խնդրելու՞( արդեն առանց ինձ ասելու գիտեին): ( Eine Messe für Bruder Arthur)։

Ու էդպես շարունակ 18 ամիս, թե 36 ամիս …. Ամեն օր աղոթք ու ամեն կիրակի պատարագ ….

Մինչև մի օր սրտիս մեծ հանգստություն եկավ. հասկացա, որ Արտուրը հասավ երկնային տուն, Աստծու մոտ:

Շատ կարոտում եմ Արտուրին, շատ կարոտում եմ եղբոր կերպարը , բայց հանգիստ սրտով եմ կարոտում, հաստատ գիտեմ , որ Աստված տա, նորից հանդիպելու ենք:

Ոնց որ ասենք , երբ Շվեյցարիայում եմ, լիքը մարդկանց եմ կարոտում, բայց գիտեմ , որ գամ Հայաստան, կտեսնեմ իրենց, կարոտս կառնեմ, էդպես էլ՝ Արտուրին ….

Ու միշտ ասում եմ մոտիկներին . «Երբ ես լքեմ այս աշխարհը, ինձ համար չլացեք, բարի գործ արեք ու աղոթեք …»:

Իսկ էն մարդկանց, ում շատ եմ սիրում, միշտ ասում եմ.

« Էնպես ապրենք, որ կյանքից հետո նույն տեղում հայտնվենք»»:



Նման նյութեր