Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ՝ ոչ ռուսապաշտ եմ, ոչ էլ՝ թուրքապաշտ. Վրեժ Սարուխանյան
Advertisement 1000 x 90

Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ՝ ոչ ռուսապաշտ եմ, ոչ էլ՝ թուրքապաշտ. Վրեժ Սարուխանյան

Վրեժ Սարուխանյան

«Ընդամենը հայապաշտ եմ, և ասելիքս հենց այդ տրամաբանության մեջ է։
Հայաստանում այսօր ռուսական դպրոցներ բացելու խնդիրը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով երբեմն շահարկումների թեմա է դառնում։ Անկախ ամեն ինչից՝ լեզու իմանալը հարստություն է՝ լինի բարեկամ թե թշնամի ազգի։ Մարդը աշխարհի հետ հաղորդակցվելու հնարավորություններ է ունենում․․․ Լեզվի հարցում ազգը, պետությունն ու իշխանությունը մի խառնեք իրար։ Ռուսին սիրելու կամ չսիրելու հետ մի նույնացրեք ռուսերեն սովորելը։ Էսօր ով ռուսին չի սիրում, նկատե՞լ եք, նա ավելի լավ է ռուսերեն խոսում․․․ Երանի չէր մեր երեխաները մի քանի լեզվի տիրապետեն, առավել լայնացնեն իրենց մտահորիզոնը․․․ Մոռացե՞լ եք, որ 100 տարի հիմնականում ռուսերենով ենք հաղորդակցվել դրսի աշխարհի, գիտության ու մշակույթի համաշխարհային նվաճումներին։ Դա ուրանալը երախտամոռություն կլինի։ Տոլստոյին, Դոստոևսկուն, Եսենինին ու մյուս մեծերին մի խառնեք քաղաքական առանձին կասկածելի և խառնածին ծագմամբ շովինիստ գործիչներին․ դա հավկուրություն կլինի։ Այդպես մտածողները կփաստեն՝ եթե ռուսերենը ուժեղանա, ապա հայերենը կթուլանա։ Դե եթե պետությունը, նախարարություններն ու մյուս հաստատությունները հայոց լեզուն կթողնեն բախտի քմահաճույքին, իհարկե կթուլանա։ Լեզուն, ծնողի հսկողությունից դուրս մնացած զավակի նման, կդառնա անտեր, կներեք՝ փողոցային, որից ամեն ինչ սպասելի է․․․ Իսկ ունե՞ք հնարավորություն մեկ ուրիշ տեղում սեփական պետություն ստեղծելու, նոր հարևաններ ու բարեկամներ ունենալու։ Դե ուրեմն չկտրվենք իրականությունից և անենք այն, ինչը կարող ենք, և ոչ թե այն, ինչ քաղցր երազ է։ Չտեսա՞ք ու դաս չքաղեցի՞ք բոլոր տեսակի փրկիչների ու բարեկամների խոստումներից, երբ ողբի պահին հատկապես․․․ թաշկինակ են տալիս։ Մտածե՞լ եք, թե ինչու Ադրբեջանում վաղուց հայոց լեզվի ուսուցման դասընթացներ են բացվել և ավելի մաքուր հայերենով են խոսում, քան մեր առանձին պատգամավորներ ու գործիչներ։
Դե ուրեմն հիշենք նաև՝ այսօր չունենք հին թուրքերենի (օսմաներենի) մի քանի լիարժեք մասնագետ Թուրքիայի և այլ երկրների արխիվներում ուսումնասիրելու Հայկական հարցին վերաբերող փաստաթղթերը։ Խայտառակություն է։ Իսկ Թուրքիայի լավագույն լեզվաբանները հայերն էին, կարողանում էին դիվանագիտորեն հարցեր լուծել, բիզնես անել, ապրել․․․ Ավելին՝ թուրքերենի նոր այբուբենը հայազգի Հակոբ Մարթայանն է ստեղծել (Հակոբ Դիլաչարը), ում անունով այսօր էլ փողոց ու հաստատություն կան Թուրքիայում։ Անշուշտ լսել եք, երբ Քեմալ Աթաթուրքը հրավիրում է իր տիրապետության տակ ապրող ազգերի ներկայացուցիչներին մասնակցելու մեծ միջոցառմանը։ Աթաթուրքը պահանջում է, որ ամեն մեկը մի երգ կատարի։ Հերթ հասնում է Հակոբ Մարթայանին։ Նա երգում է Անդրանիկ Զորավարի երգը։ Բոլորը զարմացած սպասում էին, որ հանդուգն հային կկալանավորեն ու մահապատժի կենթարկեն։ Կարկամած լսարանին անսպասելի՝ Աթաթուրքը ծափահարում է։ Ստիպված բոլորը ծափ են տալիս։ Աթաթուրքը մոտենում է Մարթայանին և ասում՝«Այդ երգը մեր թշնամու գովերգն է, բայց լավ երգ է, և դուք էլ շատ լավ երգեցիք: Անդրանիկը մեր կատաղի թշնամին էր, նրա սրից շատ թուրքեր են ընկել: Բայց ոչ ոք չի կարող նրան խլել իր ժողովրդից: Նա իր ժողովրդի հերոսն է, և բնական է, որ հայերը սիրում ու մեծարում են նրան»: Անշուշտ՝ օտարի լեզուն իմանալը նաև ժողովրդական դիվանագիտություն է, խնդիրներ լուծելու ամենակարճ ճանապարհը։
Ռուսական դպրոցներ կբացվեն, դուք էլ հայերենի ուսուցումը կատարյալ դարձրեք․․․ Արժանապատվորեն պահեք-պահպանեք հայերենը․․․Կարո՞ղ է ռուսերենն է պատճառը, որ հայոց լեզուն վերջին տասնամյակներին դարձել է հայհոյանքի, անեծքի ու կեղծ օրհնանքների, կենցաղային գռեհիկ լեզու։ Եթե օտար լեզուների իմացությունը կխանգարի մեր մայրենի լեզվին, ուրեմն մենք արժանի չենք համաշխարհային հսկաների կողմից գնահատվող «աստվածների լեզու» հայերենին։ Եթե ռուսերենի դպրոցներ կբացվեն, պահանջեք, որ Ռուսաստանը զորակցի ֆինանսավորման խնդրում, իսկ եղած միջոցները տրամադրեք հայագիտությանը։ Այ՛, լեզուն հենց այդ դիվանագիտության համար է, որի պակասից տառապում ենք դարերով․․․
Հ․Գ․ Խնդրում եմ չշահարկել թեման»։



Նման նյութեր