Տեստոստերոնի բարձր մակարդակը նվազեցնում է տղամարդկանց համար գործազրկության հավանականությունը, վկայում է Մաքս Պլանկի Ժողովրդագրական հետազոտությունների ինստիտուտի գիտնականների հոդվածը, որը հրապարակվել է Economics & Human Biology ամսագրում։
Գիտնականների խոսքով՝ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ տեստոստերոնի բարձր մակարդակ ունեցող մարդիկ առավելություն ունեն աշխատանք փնտրելիս՝ չնայած նման հորմոնալ տարբերությունները պարտադիր չէ, որ հանգեցնեն արտադրողականության բարձրացման։
Հետազոտության շրջանակում գիտնականներն ուսումնասիրել են 25-64 տարեկան 2 115 աշխատունակ տղամարդկանց տվյալները, որոնք արյուն են հանձնել տեստոստերոնի մակարդակը պարզելու համար։
Նրանք հայտնաբերել են, որ տեստոստերոնի միջին եւ բարձր մակարդակ ունեցող գործազուրկ տղամարդկանց մոտ առանց աշխատանքի մնալու վտանգն ավելի փոքր է եղել, իսկ ազատվելու դեպքում նրանք ավելի հաճախ են նոր աշխատանք գտել։
Գիտնականների կարծիքով՝ նման արդյունքները կապված են տղամարդկանց անձնային գծերի տարբերությունների հետ, որոնք պայմանավորված են տեստոստերոնով, քանի որ ուժեղ սեռի՝ տեստոստերոնի բարձր մակարդակ ունեցող ներկայացուցիչներն ավելի հեշտ են բարեկամական հարաբերություններ հաստատում եւ ավելի վստահ են իրենց ուժերին։