Անջելինա Ջոլին հանդիպել է Աֆղանստանի, Մալիի և Ուկրաինայի փախստականների հետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Անջելինա Ջոլին հանդիպել է Աֆղանստանի, Մալիի և Ուկրաինայի փախստականների հետ

Անջելինա Ջոլին բաժանորդներին ցույց է տվել, թե ինչպես է անցկացրել Փախստականների համաշխարհային օրը։ Դերասանուհին Instagramի իր էջում հրապարակել է մեծահասակների և երեխաների լուսանկարների շարք, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները պատերազմի, սովի և հալածանքների պատճառով։ Նա նրանց անվանել է իր «նոր ընկերները»։

Նրանց թվում են եղել Եգիպտոսի, Ուկրաինայի, Աֆղանստանի, Մալիի, Կոտ դ’Իվուարի, Կոնգոյի, Քրդստանի, Նիգերիայի և Գամբիայի քաղաքացիներ։ Դերասանուհու հետ միասին՝ նրանք գնացել են ընթրելու, որտեղ Ջոլիի հետ կիսվել են իրենց կյանքի պատմություններով։ Միջոցառմանը աջակցել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը, Save the Children Italia-ն և Joel Nafum Refugee Center-ը:

«Ես երախտապարտ եմ, որ աշխարհում այսքան դժվարությունների արանքում այս խիզախ մարդիկ կիսվեցին ինձ հետ իրենց ժամանակով և պատմություններով: Ընտանիքը, ընկերները և սնունդը միավորում են մարդկանց, և պատիվ էր միանալ նոր ընկերներին՝ ուտելու, կիսվելու և սովորելու»,- գրել է Ջոլին։

Դերասանուհին երկար ժամանակ զբաղվում է փախստականների խնդրով՝ լինելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով UNHCR գործակալության հատուկ բանագնաց։ Վերջին շրջանում Ջոլին մեծ ուշադրություն է դարձնում Ուկրաինայում տիրող իրավիճակին, որտեղ հատուկ ռազմական գործողություն է ընթանում։ «Maleficent»-ի աստղը նախկինում եղել է Լվովում։ Նրա այցը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում։ Դերասանուհու լուսանկարները տարածվեցին, իսկ ամենանախաձեռնող բնակիչները նույնիսկ փորձեցին վաճառել այն իրերը, որոք օգտագործել էր դերասանուհին։ Այդ ցանկում կար նաև կիսատ թողած կրուասան և նույնիսկ զուգարանակոնք։