Տարբեր մարդկանց ատամների էմալի գույնը կարող է տարբեր լինել, ինչ-որ մեկի ատամները փայլում են սպիտակությունից, ու նրանց ժպիտը ձյունաճերմակ է մինչեւ ծերություն, նրանք չեն դիմում ատամնաբույժի եւ հիգիենայի մասնագետի, իսկ մյուսները ձեռքով փակում են բերանը, երբ ծիծաղում են, որովհետեւ ամաչում են իրենց դեղնած ատամներից։
Թե ինչու է այդպես, եւ պե՞տք է արդյոք մտահոգվել առողջության համար, եթե ձեր ատամների էմալը կուրացուցիչ սպիտակ չէ՝ «Доктор Питер»-ին պատմել է բժիշկ-ատամնաբույժ Վլադիմիր Լոսեւը։
«Էմալը ատամի արտաքին, տեսանելի շերտն է, որը օրգանիզմի ամենաամուր հյուսվածքն է համարվում։ Այդ շերտն անգամ շատ ավելի ամուր է ոսկորներից։ Դրա տակ ատամի ամուր հյուսվածքի եւս մեկ՝ ավելի փափուկ շերտ կա՝ դենտինը»,- ասել է բժիշկ Լոսեւը։
Նա նշել է, որ էմալի գույնի փոխվելու պատճառներից մեկը, որն ամենից հաճախ երեւում է կտրիչ կամ ծամիչ ատամների մակերեսներին, դենտինի երեւալն է։
«Դենտինը դեղնավուն է, ուստի ատամի էմալի վերին շերտի բարակելու դեպքում էլ ամենից հաճախ նկատվում է, որ ատամները դեղնում են։ Այդ պրոցեսը կոչվում է էմալի դեմիներալացում։ Այն հաճախ ուղեկցվում է նաեւ ատամների զգայունակության բարձրացմամբ, երբ կա արձագանք տաքին եւ սառին։ Բայց դա ոչ մի կերպ կապված չէ կարիեսի հետ»,- ասել է ատամնաբույժը։
Մասնագետը նաեւ նշել է ատամների դեմիներալացման պատճառները.
– ժառանգականությունը,
– տարիքային փոփոխությունները,
– ֆտորի ավելցուկը կամ անբավարարությունը,
– ծխելը,
– չհավասարակշռված սննդաբաժինը,
– ատամնաքարը։
«Դեմիներալացման նույն պրոցեսը կարող է տեղի ունենալ նաեւ ատամի թմբիկներում,- նշել է բժիշկը։- Երբեմն ատամների գերբեռնվածության դեպքում սկում են սեպաձեւ դեֆեկտներ առաջանալ, ուստի կարելի է տեսնել դենտինը լինդը բարձրացնելիս կամ իջեցնելիս (եթե խոսում ենք ստորին ծնոտի մասին) եւ արմատի շաղախը, որը նույնպես դեղնավուն է»։