Ֆիլիպինյան ծովում հայտնաբերվել է երբևէ ամենախոր հատվածում խորտակված նավը։ Այս մասին այսօր հայտարարել է ամերիկացի գործարար և հետազոտող Վիկտոր Վեսկովոն։
«Տեղորոշման մասնագետ Ժերեմի Մորիզեի հետ, ես Samuel B. Roberts նավի մնացորդների մոտ եմ ուղարկել ստորջրյա հետազոտման համար նախատեսված Limiting Factor սարքը։ Նավի մնացորդները գտնվում են 6895 մետր խորության տակ։ Սա ամենախոր տեղամասն է, որտեղ երբևէ նավ է խորտակվել»,- գրել է Վեսկովոն թվիթերյան իր ալիքում։
Ամերիկյան ռազմական կործանիչ նավը խորտակվել է 1944 թվականի հոկտեմբերին։
Եվս մեկ հնագույն նավի մնացորդներ հայտնաբերվել են անցած տարվա հուլիսին։ Այն խորտակվել էր Պերմի շրջանում գտնվող Խախլովկա գյուղի մոտակայքում՝ Կամա գետում։ Պերմի պետական համալսարանի հնագիտական արշավախմբի ղեկավար Գրիգորի Գոլովչանովի խոսքով գտածոն թվագրվում է XVII– XIX դարերի։
Իսկ 2020 թվականի օգոստոսին ռուս մասնագետները Ֆիննական ծոցում հայտնաբերել են նավի մնացորդներ, որոնք թվագրվում են XVIII դարի։ Նավը խորտակվել է 300 տարի առաջ։ Մասնագետներն այսպիսի եզրակացության են եկել նավի վրա հայտնաբերված շշերի օգնությամբ։ Դրանցում պահպանվել են անգլիական ջինի մնացորդներ։