«Պատերազմով պայմանավորված ճգնաժամն ավելի է խորանում». Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Պատերազմով պայմանավորված ճգնաժամն ավելի է խորանում». Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Պատերազմով պայմանավորված ճգնաժամն ավելի է խորանում:

Եվրոպայի տնտեսական հսկան առաջին անգամ վերջին երեսուն տարվա մեջ բացասական առևտրային հաշվեկշիռ ունեցավ մայիս ամսին:

Էներգետիկ ճգնաժամն ավելի է խորանում և Գերմանիան ստիպված է ավելի քիչ արտադրել և հետևաբար ավելի քիչ ու ավելի թանկ արտահանել:

Սրան գումարվում է հացահատիկի և ձեթի գների շարունակական աճը՝ պատճառը երկու խոշոր արտահանողներն են, որ պատերազմի մեջ են իրար դեմ:

Այս շաբաթ, առաջին անգամ վերջին քսան տարվա մեջ, դոլարի և եվրոյի փոխարժեքները արժույթի միջազգային շուկայում գրեթե հավասարվեցին: Եվրոն դոլարի նկատմամբ շարունակում է արժեզրկվել, սրանով նաև ցուցանելով բացասական սպասումներ եվրոտարածքում:

Ռուսաստանը այս կրակի վրա բենզին է լցնում՝ հայտարարելով, որ հուլիսի 11-ից անջատելու է (իբր տեխնիկական պատճառներով և 10 օրով) Հյուսիսային հոսք 1 գազատարը՝ ամենամեծը, որ Գերմանիային գազ է հասցնում: Գերմանացիները կարելի ասել խուճապի մեջ են:

Այս ամենը հաջորդեց Գերմանիայի որոշմանը Ուկրաինային զենք մատակարարելու:

Այս բացասական զարգացումների համատեքստում և սննդի գների շարունակաբար թանկացման ֆոնին աշխարհում սովն ավելի է ծավալվում: Ներկա պահին աշխարհում թերսնվածների թիվը գնահատվում է մինչև 900 միլիոն մարդ, իսկ այս ճգնաժամի արդյունքում դրանց թիվը կավելանա ևս 100 միլիոն մարդով: Օրական 25,000 մարդ է մահանում սովից, որի շուրջ կեսը երեխաներ են: Հիշեցնեմ, որ Հայաստանում այդ թերսնվածների (աղքատների) թիվը այս պահին պաշտոնական տվյալներով 30 տոկոս է, իսկ իրական գնահատականներ իականացնելու դեպքում՝ 50-ից ավել: Եվ այս ամենի հետևանքով մեզ մոտ նույնպես աղքատների թիվը շեշտակի աճելու է:

Ու արի տես մենք ինչ ենք անում՝ փոխարեն նման հարցեր քննարկելու: Այո՛, զբաղված ենք շատ ավելի լուրջ հարցերով՝ Հիսուսի արձան ենք դնում և զուգահեռ պետական բյուջեի աջակցությամբ կազինո վերագործարկում, հետն էլ ոչ նշանակալի չափով սոցիալական վճարներ ավելացնում ու համարում, որ անելիքն ավարտված է:

հ.գ.

Մեր հավաքական կերպարը շատ ավելի տհաս ու տգետ է, քան ինքս երբևէ կարող էի պատկերացնել: Նման ճգնաճամային վիճակներում դրսևորվում է մեր իրական կերպարը: Գրողը տանի, էս ով ենք»:

 

 

 



Նման նյութեր