«Այլանդակվել է պատմություն, մշակույթ, արվեստ, ինչ ուզում, ոնց ուզում՝ անում են». Հայագետը՝ Մաշտոցի ու աշակերտների մասին պատմող գրաֆիկական վեպի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Այլանդակվել է պատմություն, մշակույթ, արվեստ, ինչ ուզում, ոնց ուզում՝ անում են». Հայագետը՝ Մաշտոցի ու աշակերտների մասին պատմող գրաֆիկական վեպի մասին

Թումոյի ստարտափ Yelling ստուդիայի «Մաշտոց. ոչ այնքան ճշգրիտ պատմություն» կոմիքսը շուտով կհայտնվի գրախանութների պահարաններին: Այս մասին տեղեկացրել են ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ֆեյսբուքյան էջում:

Իսկ կայքից տեղեկանում ենք, որ հուլիսի 4-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը և «Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ստորագրել են պայմանագիր «Մաշտոց. ոչ այնքան ճշգրիտ պատմություն» գրաֆիկական վեպի արևելահայերեն տարբերակի տպագրման մասին, ինչպես նաև ներկայացրել են մանրամասներ նախագծից։

Նշվում է, որ գրաֆիկական վեպը ստեղծվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների  կենտրոնում հիմնադրված Yelling անիմացիոն ստարտափի կողմից` Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հովանավորությամբ: «Այն պատմում է պատանիներ Եզնիկի և Կորյունի մասին, որոնց հանգիստ կյանքը խաթարվում է իրենց ուսուցչի` Մաշտոցի կողմից, ով ներքաշում է աշակերտներին արկածներով ու փորձություններով լի ճամփորդության մեջ` ձեռնամուխ լինելու իրենց կյանքի մեծագույն առաքելությանը: Ինչպես հուշում է վերնագիրը, վեպը կիսով չափ փաստագրական է, կիսով չափ՝ հորինվածք: Հեղինակները հայոց գրերի ստեղծման պատմությունը վերաիմաստավորել են ժամանակակից միջոցներով` ստեղծելով գրաֆիկական պատում, որը խոսում է երիտասարդներին գրավիչ լեզվով»,- ասվում է պարզաբանման մեջ:

Նախագիծն արդեն բացասական արձագանք է գտել համացանցում: Քաղաքացիները նշում են, որ սա այն թեման է, որ վերնագրից սկսած՝ շատ ավելի նուրբ և զգույշ պետք է վերաբերվել: Կարելի էր մասնագետների հետ խոսել ու նորմալ վերնագիր գտնել: Պետք չէ իրական ու ազգային արժեքները խեղաթյուրել:

«Մաշտոցը, Կորյունը, Եզնիկը պատմական դեմքեր են, ու նրանց կարելի է անդրադառնալ հայագիտական տեսանկյունից, ոչ թե հորինված կոմիքսային: Ի դեպ, Մաշտոցը Սուրբ է դասվել Հայ Առաքելական Եկեղեցու կողմից, ձեզ համար առնվազն այս հանգամանքը պետք է զսպող լիներ, որ Մաշտոցի մասին կոմիքս չգրեք: Ձեր կոմիքսները մեր թշնամիները հետագայում օգտագործելու են մեր դեմ, եթե չեք հավատում, նայեք՝ մեր հարևանները հայագիտական անզգույշ վրիպակները մեր դեմ ինչքան են օգտագործում։ Էնպես որ՝ հիմնականում հրեական ծագում ունեցող Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի տնօրինության տրամադրած գումարները օգտագործեք հայանպաստ գործերում, ոչ թե Մաշտոցի մասին հորինվածքների»,- «Թումո»-ի ֆեյսբուքյան էջում հրապարակման ներքո գրել է քաղաքացիներից Սահակ Պետրոսյանը:

Հայագետ Արգամ Այվազյանը նախագիծը նորմալ չի համարում, իսկ կարծիքը բացասական է:

«Աննորմալ բան է: Նկարազարդում են արել, ոնց որ այլմոլորակայիններ լինեն: Պատմական անձինք են, հայկականի ոչ մի նմանություն չունեն: Տեքստային մասերն էլ այսօրվա խոսակցական լեզվով կարծես գրեն: Եվ հետո դարաշրջանը չկա: Այնպես որ, կարծում եմ, այդտեղ նորմալ ոչինչ չկա: Այլանդակվել է պատմություն, մշակույթ, արվեստ, ինչ ուզում, ոնց ուզում՝ անում են: Ով ինչ ուզում՝ գրում, ինչ ուզում՝ հրապարակում է: Ում ձեռքին գումար կա՝ ինչ ուզում, անում է»,- մեզ հետ զրույցում ասաց հայագետը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնեցին, որ նախարարությունն այդ նախագծի հետ որևէ առնչություն չունի:

Անի Կարապետյան



Նման նյութեր