«Մոխրագույնի հիսուն երանգները» հայտնի ֆիլմի ռեժիսոր Սեմ Թեյլոր-Ջոնսոնը կներկայացնի Back To Black կենսագրական ֆիլմը, որը նվիրված է երգչուհի Էմի Ուայնհաուսի կյանքին։ Նա մահացել է 2011 թվականին՝ 27 տարեկան հասակում։ Նախագիծն արդեն ստացել է երգչուհու հոր՝ Միթչ Ուայնհաուսի հավանությունը։
Սցենարը գրել է Մեթ Գրինհալգը, իսկ ֆիլմի վրա աշխատանքն այժմ ընթանում է արագ տեմպերով։ Հայտնի է, որ Թեյլոր-Ջոնսոնը մոտակա շաբաթների ընթացքում կսկսի դերասանուհի փնտրել Ուայնհաուսի դերի համար։ Ֆիլմը Ուայնհաուսի կյանքի և երաժշտության մասին է, մի աղջկա, որ իր կարիերան սկսել է՝ որպես նորահայտ ջազ երգչուհի Հյուսիսային Լոնդոնում, այնուհետև դարձել է «Գրեմմիի» մրցանակակիր՝ հանրությանը մատուցելով այնպիսի հիթեր, ինչպիսիք են Rehab-ը և Back To Black: Նրա կյանքն ընդհատվեց 2011 թվականին՝ ալկոհոլի և թմրանյութերի դեմ երկար պայքարից հետո:
Սա 2000-ականների ամենահայտնի երգչուհիներից մեկի մասին կենսագրական ֆիլմ նկարահանելու առաջին փորձը չէ։ Այսպիսով, Lotus Entertainment ստուդիան նախկինում ստանձնել էր այդպիսի մի ֆիլմի արտադրությունը։ Գլխավոր դերը պետք է կատարեր Նումի Ռապեյսը, սակայն ի վերջո նախագիծը չիրականացավ։
Ուայնհաուսի ճակատագրի մասին ամենահայտնի ֆիլմը Ասիֆ Կապադիայի 2015 թվականի օսկարակիր «Էմի» վավերագրական ֆիլմն է։ Այս ֆիլմը խիստ քննադատության ենթարկվեց Էմիի հոր կողմից։ Միթչ Ուայնհաուսը փորձեց մոնտաժել ֆիլմը, սակայն նրան դա թույլ չտվեցին։
Սեմ Թեյլոր-Ջոնսոնի համար նույնպես սա կենսագրական ֆիլմ նկարահանելու առաջին փորձը չէ։ 2009 թվականին նա նկարահանեց «Becoming John Lennon» կենսագրական դրաման՝ The Beatles լեգենդար խմբի հիմնադրի կյանքի մասին։ Թեյլոր-Ջոնսոնի ֆիլմագրության ամենահայտնի նախագիծը Է.Լ.Ջեյմսի «Մոխրագույնի հիսուն երանգները» էրոտիկ վեպի կինոադապտացիան է Դակոտա Ջոնսոնի և Ջեյմի Դորնանի մասնակցությամբ։ Ֆիլմը կինովարձույթում հավաքեց 569 միլիոն դոլար։