Դիաբետի դեպքում սնվելուն հետեւելը բուժման կարեւոր կետերից է։ Չէ՞ որ 2-րդ տեսակի շաքարային դիաբետի առաջացման ժամանակ օրգանիզմը դադարում է արձագանքել իր իսկ արտադրած ինսուլինին։
Դիաբետը զուգորդվում է նաեւ այլ հիվանդությունների հետ՝ հիպերտոնիա, ավելորդ քաշ եւ այլ խնդիրներ։ Դիետան դառնում է կարեւոր պահ մարդու վիճակի համալիր վերահսկման գործում։
Թե ինչու չի կարելի դիաբետի ժամանակ սերուցք օգտագործել՝ «Аргументы и факты»-ին ասել է «Մեդինցենտր» կլինիկական-ախտորոշիչ կենտրոնի էնդոկրինոլոգ Ելենա Գուբկինան։
«Սերուցքը շատ յուղալի եւ կալորիական կաթնամթերք է, որը չարժե ավելացնել շաքարային դիաբետ ունեցող մարդկանց սննդաբաժնում։ Սերուցքի օգտագործումը կարող է առաջ բերել քաշի ավելացում, բարձրացնել լիպիդների, արյան մեջ շաքարի մակարդակը, զարկերակային ճնշումը»,- նշել է էնդոկրինոլոգը։
Նրա խոսքով՝ անպայման պետք է հիշել, որ դիաբետը քրոնիկական էնդոկրին պաթոլոգիա է։
Այսպիսի ախտորոշում ունեցող մարդու սննդաբաժինը պետք է կազմել մի շարք ցուցանիշների հիման վրա.
- հիվանդության տեսակը,
- հիվանդի օրգանիզմի առանձնահատկությունները,
- նրա առողջության ցուցանիշները,
- արյան մեջ շաքարի մակարդակը,
- զարկերակային ճնշման մակարդակը։
Սննդաբաժնի կազմումը եւ մթերքները, որոնք հակացուցված են այս կամ այն դեպքում, պետք է կատարել մասնագետի հետ։