Ամերիկյան Netflix հոսքային ծառայությունը 2022 թվականի երկրորդ եռամսյակում կորցրել է գրեթե մեկ միլիոն բաժանորդ։ Ինտերնետային խոշորագույն կինոթատրոնի եկամուտը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 7,97 մլրդ դոլար, շահույթը՝ 1,44 մլրդ դոլար։
Netflix-ի բաժանորդների թիվը 2022 թվականի ապրիլ-հունիս ամիսներին նվազել է 970 հազար մարդով, պարզ է դառնում ընկերության ֆինանսական հաշվետվություններից։ Այսպիսով, ծառայության լսարանը 221,64-ից նվազել է մինչև 220,67 միլիոն օգտատեր։
Չնայած դրան, Netflix-ի արդյունքները սպասվածից ավելի լավն էին։ Ապրիլին ընկերության վերլուծաբանները կանխատեսում էին, որ երկրորդ եռամսյակում կկորցնեն 2 միլիոն բաժանորդ։ Այժմ առցանց կինոթատրոնի ներկայացուցիչներն ակնկալում են, որ երրորդ եռամսյակի ավարտին իրենց բաժանորդագրությունների բազան կաճի մոտ մեկ միլիոն օգտատերերով։
Պատրաստեց Անի Գաբուզյանը