Գինեկոլոգ Վերա Կորեննայան նշում է՝ 40 տարեկանից հետո կնոջ օրգանիզմում նյութափոխանակության գործընթացները կարող են դանդաղել միանգամից մի քանի անգամ, գրում է «МедикФорум»-ը։
Շատերին է հայտնի, որ լավ կազմվածքի պահպանումը սերտորեն կապված է սնվելու հետ։ Իր հարցազրույցում գինեկոլոգը նկատել է, որ 40 տարեկանից հետո լավ կազմվածքը պահպանել օգնում է ոչ միայն կալորիաների վերահսկումը եւ վնասակար սննդից հրաժարվելը։
«Պետք է ոչ միայն նվազեցնել ձեր սննդակարգում կալորիաների քանակը, այլեւ հավասարակշռել այն՝ ընտրել սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրերի ճիշտ աղբյուրները, ինչպես նաեւ դրանք ճիշտ համադրել»,- ասել է Կորեննայան «Газете.Ru»-ին տված հարցազրույցում:
Շարունակելով խոսակցությունն այն մասին, թե ինչպես կարելի է խուսափել քաշի ավելացումից 40 տարեկանից հետո, բժիշկը նաեւ հայտնել է, որ այս տարիքում պետք է խուսափել սնվելու երկար ընդմիջումներից։ Սպիտակուցներ եւ բջջանյութ պարունակող վ միջանկյալ սնունդն օգնում է խուսափել շատ սովածանալուց եւ չափից շատ ուտելուց, ինչպես նաեւ նպաստում է նյութափոխանակության ակտիվացմանը:
«Աշխատանքի գնալիս ձեզ հետ ուտելիքով մի քանի տարա վերցրեք։ Բացեք 2-3 ժամը մեկ եւ կերեք դրանց պարունակությունը»,- խորհուրդ է տվել Կորեննայան։
Բժիշկն ընդգծել է, որ կանայք, որոնք շատ են ձգտում նիհարել, չպետք է նվազեցնեն իրենց ամենօրյա սննդակարգի ընդհանուր կալորիականությունը մինչեւ 1500-ից ցածր մակարդակի: Գիտակցված թերսնումը, չափից ավելի սահմանափակումը կարող են հանգեցնել ֆիզիոլոգիական սթրեսի, ինչի պատճառով օրգանիզմը կսկսի ավելի շատ կորտիզոլ արտադրել։ Օրգանիզմում կորտիզոլի ավելցուկի պատճառով մարմինը չի սպառում ճարպը, այլ, ընդհակառակը, ավելացնում է դրա կուտակումը։
«Անբավարար քունը նույնպես հանգեցնում է կորտիզոլի սինթեզի ավելացման»,- զգուշացրել է բժիշկը։