ՔՊ-ական նոր «բուրժուազիան»
Advertisement 1000 x 90

ՔՊ-ական նոր «բուրժուազիան»

1990-ական թվականների սկզբներին, երբ ՀՀՇ-ն արդեն եկել էր իշխանության, իրենց պաշտոնաթերթ ՀԱՅՔ թերթում տպագրվել էր ՀՀՇ համագումարում Վանո Սիրադեղյանի ելույթը: Տարին լավ չեմ հիշում, համագումարի թիվը ևս, սակայն տպավորվել էր այդ ելույթի այն միտքը, որտեղ Սիրադեղյանը ասում էր (բառացի խոսքերը չեմ հիշում), որ ՀՀՇ-ն եկել է իշխանության, ծանրագույն ռեֆորմներ է անցկացնում՝ ազատ շուկայի անցում, Ղարաբաղի պատերազմ և այլն, որի պատճառով մարդկանց կենսամակարդն ահավոր կերպով իջել է, որի արդյունքում իրենց հեղինակությունն ևս անկում է ապրում: Արդյունքում ազատ շուկային ավելի լավ պատրաստ են այն ժամանակվա նախկինները՝ կոմունիստներն, իր խոսքերով «պահեստապետները», որոնք նախնական կապիտալ են կուտակել սեփականաշնորհման համար:

«Պահեստապետներն» օգտվելու են վիճակից, հարստանալու են ու, կուտակելով սեփականություն, գալու են իշխանության: Դա պետք է թույլ չտալ և պետք է այնպես անել, որ կապիտալը «շարժման տղերքի» մոտ հայտնվի (որոնք չունենալով միջոցներ, գաղափարական են ու գնում են ինքնազոհողության), որ հետագայում իշխանությունը չկորցնեն:

Սիրադեղյանը միշտ անկեղծ է եղել և ուղիղ է խոսել, ի տարբերություն շատերի: Այստեղ իր անձը չենք քննարկում, այլ երևույթը:

Հիմա գանք ՔՊ-ին: ՔՊ-ն իշխանության գալով Սոցիալական Արդարության դրոշի տակ, ուներ երկու ճանապարհ, կամ իրոք սոցիալական արդարության համակարգ ձևավորեր ու պատրաստ լիներ հետագայում կորցնել իշխանությունը, կամ աներ այն, ինչը ժամանակին ասում էր Սիրադեղյանը, ձևավորել նոր բուրժուազիա, կամ, ավելի կոնկրետ, իր կոռուպցիոն համակարգը, որպես իշխանությունը պահելու համար իր սոցիալական հենարան, և, զուգահեռաբար, կրճատել «նախկինների» սոցիալական ներուժը:

Եթե ՀՀՇ-ն պատերազմում հաղթած ուժ էր, ապա ՔՊ-ն ճիշտ հակառակն է, ինչն ավելի է բարդացնում այդ խնդրի իրականացումը:

Ինչպես տեսնում ենք, ՔՊ-ն, կամ այն մարդն, ում անվանում ենք ՔՊ, ընտրեց երկրորդ տարբերակը:

ՔՊ-ն հիմա այդ գործով է զբաղված, ստեղծում է իր տնտեսական, սոցիալական ու քաղաքական հենարանը ու պատրաստ է ցանկացած քայլի այդ ամենը չկորցնելու համար:

Սա մենք պետք է լավ հասկանանք:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր