Տետրահիդրոկանաբինոլի կամ THC-ի՝ մարիխուանայի բույսի էյֆորիկ մասի ավելի բարձր կոնցենտրացիաներն աշխարհի շատ մասերում ավելի ու ավելի շատ մարդկանց են ստիպում կախվածության մեջ ընկնել, պարզել է հետազոտության նոր ակնարկը:
Պակաս կոնցենտրացված մթերքներ (սովորաբար 5-ից 10 միլիգրամ THC մեկ գրամի դիմաց) օգտագործող մարդկանց համեմատ, նրանք, ովքեր ավելի մեծ պարունակությամբ կանեփ է օգտագործում, ավելի հաճախ են կախվածություն եւ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենում, ասվում է երկուշաբթի օրը Lancet Psychiatry ամսագրում հրապարակված հետազոտության մեջ: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ մարիխուանա օգտագործող 10-ից մոտ 3 մարդ կանեփի օգտագործման խանգարում ունի։
Թմրամիջոցների եւ կախվածության մոնիտորինգի եվրոպական կենտրոնը պարզել է, որ վերջին տասնամյակի ընթացքում մարիխուանայից կախվածությունից բուժվողների թիվն աճել է 76 տոկոսով, մինչդեռ կանեփի հզորությունը նույն ժամանակահատվածում շարունակել է աճել, նշում են գիտնականները:
Բացի այդ, Միավորված ազգերի կազմակերպության զեկույցը ցույց է տվել, որ վերջին երկու տասնամյակի ընթացքում կանեփից կախվածությունից բուժում փնտրող մարդկանց մասնաբաժինը աճել է աշխարհի բոլոր տարածաշրջաններում, բացի Աֆրիկայից: Բուսական կանեփի մեկ գրամում (մարիխուանայի չորացրած գագաթները, որոնք սովորաբար ծխում են), THC-ի կոնցենտրացիան ամեն տարի ավելանում է մոտ 2.9 միլիգրամով, վկայում են Բաթի համալսարանի հետազոտողների կողմից 2020-ին անցկացված հետազոտության արդյունքները: Կանեփի խեժում՝ բույսի կպչուն շագանակագույն հյութում, որից քաղվածքներ եւ խտանյութեր են պատրաստվում, THC-ի մակարդակը 1975-ից մինչեւ 2017 թ. տարեկան ավելացել է մոտ 5.7 միլիգրամով, պարզել է հետազոտությունը: Խտացված մթերքները կարող են THC-ի չափազանց բարձր մակարդակի հասնել:
Փորձագետները մտավախություն ունեն, որ THC-ի պարունակության տարեկան աճը սպառողների համար կարող է պարզ չլինել: Եթե խանութում, որտեղ մարիխուանան վաճառվում է օրինական կերպով, մարդը կարող է իմանալ THC-ի ճշգրիտ կոնցենտրացիան, մարդիկ, ովքեր անօրինական կերպով են կանեփ գնում, կարող են հավաստի տեղեկատվության չտիրապետել իրենց օգտագործած արտադրանքի ազդեցություն մասին: