Շոտլանդացի դերասան Փիթեր Քափալդին, որը «Դոկտոր Ովը» բրիտանական գիտաֆանտաստիկ հեռուստասերիալի գլխավոր դերակատարն է, լքում է հեռուստանախագիծը: Այդ մասին նա հայտարարել է BBC ռադիոյի երկրորդ ծրագրի եթերում:
«Ես հեռանում եմ սերիալից: Տխուր եմ, ես սիրում եմ «Դոկտոր Ովը». հսկայական հաճույք էր աշխատել նրա թիմի հետ: Բայց ես բազմաթիվ այլ նախագծեր ունեմ, ես երբեք նույն գործով չեմ զբաղվել երեք տարի»,-պատմել Է 58-ամյա դերասանը:
«Դոկտոր Ովը» ամենաերկարատև գիտաֆանտաստիկ սերիալն է աշխարհում (այն ցուցադրվում էր 1963-ից մինչև 1989 թվականը, վերականգնվել է 2005 թվականին), Մեծ Բրիտանիայի մասսայական մշակույթի կարևոր մասն է:
Քափալդին դարձել է Դոկտորի՝ ժամանակի և տարածության մեջ այլմոլորակային ճանապարհորդի դերը կատարած 12-րդ դերասանը: Նա 2013 թվականին այդ դերում փոխարինել է Մեթ Սմիթին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: