Նիկոլ Փաշինյանի թիմակից, Առողջապահության նախկին նախարար և ներկայումս ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. ««Խաղաղությունն իրականում գին չունի, անգին է, ինչպես կյանքը։ Կյանքն անգին է։ Հակառակը պնդելը մահվան և պատերազմի քարոզ է։ Մահը երբեք ավելի թանկ չի կարող լինել, քան՝ կյանքը, չնայած՝ մեզ հարյուրամյակներով քարոզել են հակառակը։
Քարոզել են ազգի արտոնյալները, որ երբեք իրենք չէին զոհվելու, քարոզել են իրենց «ազգային» հռչակած կուսակցությունները, որ մահով են արդարացրել իրենց գոյությունը, քարոզել են մոլորված մարգինալներն ու ռոմանտիկները, քարոզել են մեզ զոհվելու, ոչ թե՝ ապրելու դատապարտող օտարները։
Ու տրվել ենք մենք այդ քարոզին մեծից փոքր, ռամիկից մտավորական, սովորական քաղաքացուց մինչև իշխանավոր։ Տրվել ենք ու ընտրել մահը, ոչ թե՝ կյանքը։ Ու շարունակվում է այդ քարոզը։ Դեռ ինչքա՞ն պետք է ընտրենք մահը և ոչ՝ կյանքը, դեռ ինչքա՞ն պետք է սխալվենք: Մինչև իսպառ բնաջնջու՞մ, որ լոկ մնանք այլ ազգերի պատմության դասագրքերում։ Որ կրկին պատմական հայրենի՞ք դավանենք՝ իրականի փոխարեն։
Պետք է սթափվենք, ընդունենք, որ սխալվել ենք։
Սխալվել ենք 100 տարի առաջ, երբ գետնի վրայի իրականությունը ստորադասեցինք եվրոպական քաղաքներում կնքված ինչ-որ փաստաթղթերի և նորից կորցրինք իրական հայրենիքի մի մասը։
Սխալվել ենք նաև 30 տարի առաջ, երբ քանդվող կայսրության հոգեվարքի ժամանակ կրկին ընտրեցինք մահն ու պատերազմը և «հաղթող» դարձանք, դարձանք ու հպարտությունից կուրացանք։ Կուրացանք մեծից փոքր, ռամիկից մտավորական, սովորական քաղաքացուց մինչև իշխանավոր։ Ու մինչ օրս կույր ենք, չենք հասկանում ու ընդունում մեր սխալները, հրաժարվում ենք առերեսվել գետնի վրայի իրականության հետ ու շարունակում ենք ընտրել մահը։
Մեր սխալների ընդունումն է բերելու խաղաղության, ոչ թե՝ դրանց կրկնումը։ Իրավունք չունենք կրկնել նույն սխալները՝ մերժելով օբյեկտիվ իրականությունը կամ մեկնաբանելով այն մեր քմահաճույքով։ Իրավունք չունենք։
Խաղաղությունն անգին է»։
Բժիշկ, վիրաբույժ Հովհաննես Դիլանյանը կոշտ հակադարձել է Թորոսյանի գրառմանը.
«Լիբերալ արժեքները եւ նման «արժեքներ» կրողները։
Հանձինս ВОЗ-ի տղայի։
Հանձինս մի անձնավորության, որի համար Գարդասիլ պարտադրելը ինքնանպատակ էր։ Բազմաթիվ զրույցների եւ վեճերի արդյունքում եւ նրա, եւ իր մանկլավիկի հետ բացի «մենք բժիշկ ենք, էդ թեման մենակ մենք գիտենք»-ից ոչ մի ուրիշ փաստարկ չլսեցի։ Ես էլ եմ բժիշկ։
Բա ո՞ւր մնաց ձեր լիբերալ խոսքի ազատությունը։
Հանձինս մի անձնավորության, որ վերցրեց հակաինֆարկտային ու հակաինսուլտային «նախկինների» մշակված ծրագրերը եւ իրեն հռչակեց «մեր սրտի բժիշկ»։ Չմոռանալով, իհարկե, թունոտ ռեպլիկները նախկինների հասցեին։
Բա ուր մնաց ձեր լիբերալ արդարությո՞ւնը։
Հանձինս մի անձնավորության, որն աթեիստ լինելով (իր գործն է), ծաղրուծանակի ենթարկեց հավատացյալին եւ Հայ Առաքելական Եկեղեցին։
Բա ուր մնաց ձեր լիբերալ խղճի ազատությո՞ւնը։
Հանձինս մեկի, ով չհանդուրժեց ոչ մի քննադատություն հարգված եւ կայացած իրենց ոլորտում մասնագետների կողմից ոչ բժշկական կրթության, ոչ էլ ուռուցքաբանության «բարեփոխումների» մասին։ Բա ուր մնաց ձեր լիբերալ հանրային արտահայտվելու ազատությո՞ւնը։
Մի րոպե։ Բայց գուցե նա տրադիցիոնալի՞ստ է:
Չէ, չի ստացվում։ Էդ դեպքում ուր մնաց նրա տղամարդկությունը այն պահին, երբ պիտի մամլո ասուլիս տար եւ պատասխաներ իր իսկ նշանակած գլխավոր մասնագետի սուր հարցերի՞ն։ Փախավ, բառիս բուն իմաստով, իսկ հետո ինտերվյու տվեց։
«…-Մի վախեցեք, ձեր ախոյանը էստեղ չի։
-Ես երբեք եւ ոչնչից չեմ վախեցել»:
Չես վախեցել բանակում ծառայելո՞ւց։ Բա ինչի էիր լաչառությունդ միացրել ու Կոլխիցինը կամերայի մեջ մտցնելով բոռւմ, թե «ահա այն դեղը, որ փրկում է ինձ երիկամային անբավարարությունից»։ Կոլխիցինը քեզ, շատ-շատ փրկեր Երեւանյան հիվանդությունից, այ անգրագետ, հենց ինքը, կոլխիցինը չի նշանակվում երիկամների անբավարարության դեպքում։
Ախր ո՞ր մեկը թվեմ, այ ВОЗ-ի տղա, ախր քեզ մի խըլը վախտ ճանաչել եմ։
Ու հանձինս էդ անձնավորության, մենք ունենք ազգի ներկայացուցիչ, որը հիմա ասում է, թե խաղաղությունն անգին է։
Իրականում, խաղաղությունն ունի գին։ Այն է – ուժեղ բանակ, որ թշնամու կրակոցին էնպես ա պատասխանում, որ թշնամիդ մկան ծակին օխտը թուման ա տալիս։ Տես 1998-2008 թվականների ռազմական մահերի թիվը։ Հիշեցնեմ – 92: Տաս տարում։
Իրականում, խաղաղության գինն ավելի ցածր է, քան ազգի պատիվը։ Տես 1997 թվականի ԼՏՊ-ի հրաժարականն ու դրա պատճառները։
Իրականում, խաղաղություն չեն մուրում, խաղաղության պարտադրում են։ Տես ամբողջ արցախյան գոյամարտը։
Բայց դու պոպուլիստ ВОЗ-ի տղա ես։ Հենց սկզբից, մանիպուլյատոր ոչնչություն, դու ասում ես, որ ով դրա հետ համաձայն չէ, ուրեմն պատերազմի քարոզ է անում։ Էդ էլ իմ տրադիցիոնալիզմն է, այ լիբերալ-պոպուլիստ-մանիպուլյատոր ВОЗ-ի տղա։
Հացը սրբություն է։ Հային բնորոշ չէ հաց հայհոյելը, բայց… Արա, հարամ ըլնի էն հացը, որ ես քո հետ կիսել եմ։ Բկիդ կանգներ, ավելի լավ չէ՞ր։ Աստծուն փառք, որ էդ մի անգամից բացի հետդ հաց կտրած չկամ։
Ու լավ հիշի։ Դու անձեռնմխելի չես։ Դու անձեռքսեղմելի ես։
Առանց մի նշույլ հարգանքի, բժիշկ Դիլանյան»:
Հիշեցնենք, որ նախարար աշխատած տարիներին կտրուկ աճ գրանցեցին Արսեն Թորոսյանի կնոջը պատկանող «Միբս» բժշկական կենտրոնին տրամադրվող արտոնությունները:
2017 թվականին Արսեն Թորոսյանի կնոջը փաստացի պատկանող բժշկական կենտրոնը 0 դրամ գումար է ստացել, բայց հեղափոխությունից հետո՝ 2018-ին, ստացել է 25.1 մլն դրամ: 2019 թվականին նախարար Արսեն Թորոսյանն իր կնոջը բյուջեից փոխանցել է շեշտակի բարձր թիվ՝ 98.9 մլն դրամ, այսինքն՝ 73.8 մլն դրամով ավելի:
2020 թվականին Թորոսյանի կնոջը պատկանող բժշկական կենտրոնը ստացել է 127.6 մլն դրամ, որն էլ 2019 թվականից ավելի է 28.7 մլն դրամով:
2020թ.Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում անգամ շահերի բախման հիմքով վարույթ էր նախաձեռնվել. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պայմանագրեր էր կնքել մի ընկերության հետ, որի տնօրենն իր իսկ կինն էր՝ Վարդիթեր Թևանյանը: Այդ պայմանագրերով «Միբս» ընկերությունը պարտավորվել է մատուցել հիվանդանոցային ծառայություններ, Էլեկտրոնային առողջապահական ծախսերի փոխհատուցում, համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն։ Վարույթի հիմք էր հանդիսացել data.hetq.am-ի գրությունը։
Առողջապահության նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը «Միբս» ընկերության հետ կնքել էին ընդհանուր առմամբ 176 միլիոն դրամի պայմանագիր։ Նախարարի կնոջ ընկերությունից կատարված գնումներից և ոչ մեկի համար առողջապահության նախարարությունը մրցույթ չէր հայտարարել։ Կնքված պայմանագրերից հինգը եղել են մեկ անձից գնումներ ընթացակարգով, մեկը՝ գնում չհանդիսացող ծախսեր ընթացակարգով, իսկ մեկի ընթացակարգը նշված է «ԵՄ», որը գնումների կայքի մեթոդաբանության մեջ չի բացատրվում։
Երևանի քաղաքապետարանի հետ բոլոր պայմանագրերը կնքվել են գնանշման հարցում ընթացակարգով, ինչը նշանակում է, որ քաղաքապետարանը գնանշման հարցում է արել տարբեր ընկերությունների և ընտրել «Միբս» ՍՊԸ-ն։
Կնքված պայմանագրերում «Միբս» ընկերության կողմից որպես կողմ է ներկայացել և պայմանագրերը ստորագրել նրա կինը՝ Վ. Թևանյանը։
Արագ տեմպերով միլիոնատեր դարձած Նիկոլ Փաշինյանի մտերիմ Արսեն Թորոսյանի ապաշնորհ կառավարման արդյունքում քովիդով մահերի թիվը գերազանցեց պատերազմի զոհերի թիվը, ում՝ առողջապահության ոլորտը ղեկավարելու տարիներին քովիդը դարձավ եկամտաբեր բիզնես, ով փոշիացրեց միլիարդավոր դրամների պետական ու ոչ պետական միջոցներ, ինչին նաև Հաշվեքննիչ պալատն էր անդրադարձել: