2016թ. հունվարի սկզբին թուրքական լրատվամիջոցները տարածեցին այդ երկրի նախագահի որոշումը՝ Սիրիայի հետ սահմանային պատի կառուցումից հետո բետոնե պատ կառուցել նաև Իրանի և Հայաստանի ամբողջ սահմանին:
Թուրքական իշխանության այս մտադրությունը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, հիմնված է ահաբեկչության և անօրինական միգրացիայի դեմ պայքարելու վրա: Երեք մետր բարձրությամբ պատը կազմված է լինելու հսկա բետոնե բլոկներից, որոնց վրա կանցկացվի փշալար և բարձր լարման, սպանող էլեկտրական հոսանք: Այսպիսով, Թուրքիան փորձում է այդկերպ ոչ միայն իրագործել իր պաշտոնական հաղորդագրությունը, այլև գոնե Հայաստանի բնակչության վրա հոգեբանական ազդեցություն թողնել՝ պատմական հայրենիքի և ապագայի տեսլականների առումով:
Թուրք և միջազգային փորձագետները Անկարայի այս մտադրությունը համարում են Թուրքիան ցանկապատելու, աշխարհից մեկուսացնելու ծրագիր, որով փորձում է պաշտպանվել մասնատվելու վտանգից, մանավանդ երբ կոնկրետ գործընթաց կա քրդական անջատողականության հետ կապված:
Սա մի տեսանկյունից, սակայն կան ներկուլիսային գործընթացներ, որոնց մասին, բնականաբար, թուրքական լրատվամիջոցները չեն կարող խոսել, դրա համար նրանց կարող են բանտ նստեցնել կամ ընդհանրապես արգելել թերթի կամ հեռուստաընկերության գործունեությունը:
Բետոնե պատերի և ընդհանրապես, պետական պատվերով շինարարությունը Թուրքիայում իրականացնում է Զանգվածային բնակարանաշինության պետական գրասենյակը՝ TOKİ-ն: Այդ կազմակերպությունն է կառուցում պետական նշանակության ճանապարհները, պետպատվերով բազմաբնակարան շենքեր, բանակի պահակադիտանոցները, որոնք տեղակայված են հատկապես Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում:
Մեկ այլ փաստ՝ այս կազմակերպությունը արդեն ավելի քան մեկ տարի կառուցում է Սիրիայի հետ սահմանային պատը, սակայն, ըստ թուրքական Haberturk թերթի տեղեկության, հասցրել է պետբյուջեից դուրս հանել 1 մլրդ դոլար՝ ավարտին հասցնելով ընդամենը պատի 70 տոկոսի աշխատանքը: Այնինչ, կրկին ըստ թուրք վերլուծաբանների, թուրք-սիրիական 822 կմ ձգվող սահմանին այդպիսի պատի կառուցումը պետք է արժենար շատ ավելի էժան, մոտ 800 մլն դոլար, մինչդեռ, ամենայն հավանականությամբ, այն վերջնական տեսքի գալուց հետո Թուրքիայի բյուջեից կխլի գրեթե 1.4 մլրդ դոլար:
Այս տրամաբանությամբ, եթե կառուցվի նույնպիսի պատ Իրանի և Հայաստանի սահմանին, ապա թուրք-իրանական 499կմ երկարությամբ սահմանին և թուրք-հայկական 268կմ սահմանին կառուցվող պատի ընդհանուր երկարությունը պետք է կազմի առնվազն 767 կմ: Նույն հաշվարկով՝ այդ պատի կառուցման համար պետք է ծախսվի մոտ 1.3 մլրդ դոլար, սակայն հետաքրքիր է, որ TOKI ընկերության պահանջած գումարը էականորեն տարբերվում է հաշվարկից: Պետական ընկերության հաշվարկով, երկու հարևանների սահմանին կառուցվելիք պատի վրա կծախսվի 2 մլրդ դոլար, ինչը դեռևս նախնական հաշվարկ է:
Ոչ պակաս կարևոր է անդրադառնալ TOKI ընկերության մութ անկյուններին: Միլիարդավոր գումարների տիրապետող այդ ընկերության գործադիր տնօրենն է Էրգյուն Թուրանը, որը նախագահ Ռեջեփ Էրդողանի մոտ ազգականն է:
Նույն ընկերությունը 2017թ. հունվարի 17-ին համաձայնագիր կնքեց Համաշխարհային բանկի հետ, ըստ որի՝ մինչև 2023 թվականը այդ երկրի արևելյան շրջաններում պետք է կառուցվեն մեծ քանակությամբ բազմաբնակարան շենքեր և առանձնատներ՝ 5.5 մլն աղքատ բնակչությանը ապահովելու կացարանով: Թե ինչքան փող է դրա համար հատկացնելու Համաշխարհային բանկը, դեռևս գաղտնի է պահվում, սակայն հաշվի առնելով արևելյան շրջանների քուրդ բնակչության նկատմամբ Թուրքիայի կողմից տարվող քաղաքականությունը, հազիվ թե գումարը նպատակային ծախսվի. փորձն է դա ցույց տալիս:
Թուրքիայի ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցության գործիչները օրերս հանդես եկան հայտարարությամբ, թե Հայաստանի ու Իրանի սահմանին կառուցվելիք պատը հերթական առիթն է՝ պետական բյուջեից մեծ քանակությամբ փող հանելու և յուրացնելու: Այդ երկրում այլևս չեն թաքցնում, որ Էրգյուն Թուրանը նախագահ Ռեջեփ Էրդողանի և կոռուպցիոն սկանդալների գագաթին կանգնած նրա որդու՝ Բիլալ Էրդողանի հետ նույն ֆինանսական մեքենայությունների մեջ է, ասել է, թե՝ Էրդողանը հենց Էրգյուն Թուրանի և նրա ղեկավարած շինարարական կազմակերպության ձեռքով է պետբյուջեից հանում միլիարդավոր դոլարների հասնող փողերը:
Թե երբ և ինչպես կկառուցվի սահմանային երեքմետրանոց պատը, առայժմ դժվարանում են ասել նաև թուրքերը, ամենայն հավանականությամբ, այն անորոշ ժամանակով կձգձգվի, մինչև հանրությունը մոռանա բյուջեից հանված փողերի մասին:
Նաիրի Հոխիկյան