Երբեմն թվում է, թե անհաջողակները բազմոցին պառկող ու ոչինչ չանող մարդիկ են: Դա այդպես չէ:
cluber.com.ua կայքը նշում է այն սովորությունները, որոնք ունեն անհաջողակ մարդիկ:
- Նրանք շատ անհամբեր են
Փոխանակ հանգիստ ու անշտապ սպասեն հարմար պահի, անհաջողակները, որպես կանոն, սկսում են նյարդայնանալ ու խուճապի մատնվել: Եթե նրանք ինչ-որ բան են ուզում, ապա միանգամից ու այսօր: Հենց որ նրանց ճանապարհին մի աննշան խոչընդոտ է հայտնվում, անմիջապես հանձնվում են՝ իրենց որոշումն արդարացնելով «իմ բախտը երբեք չի բերում» նախադասությամբ: Ամենաահավորն այն է, որ հաճախ նրանք նահանջում են հաղթանակից մեկ քայլ շուտ:
- Նրանք չափազանց շատ ջանքեր են ներդնում սխալ բաների մեջ
Անհաջողակներն առավելագույն ուժեր են կենտրոնացնում այնպիսի բաների վրա, որոնք իրականում մեծ նշանակություն չունեն: Իրականությունն այն է, որ իսկապես կարևոր բաները նրանց չափազանց պարզ են թվում ու անէական: Այդպիսով նրանք թերագնահատում են խիստ առանցքային խնդիրները՝ կարևորելով երկրորդական բաները: Նրանք ընտրում են փոքր դիմադրության ճանապարհը՝ խորանալով մանրուքների մեջ, որոնք միայն շեղում են:
- Նրանք անգամ չեն փորձում հայացք գցել իրենց անցած ճանապարհին
Երբ անհաջողակները մտածում են իրենց կյանքի մասին, ապա տեսնում են միայն այն, ինչ ուզում են և ինչ չունեն: Այն մասին, թե ինչ են արդեն արել ու ինչ են ձեռք բերել, անգամ չեն հիշում:
- Նրանք միշտ դանդաղում են ու հետաձգում անելիքը
Անհաջողակները հաճախ ձևացնում են, որ ավելին են անում, քան իրականում կա: Ընդ որում, նրանք առաջին հերթին իրենց են խաբում և շատ հաջող կերպով: Նրանք հետաձգում են ամեն ինչ մինչև վերջին րոպեն ու երբեք բավարար ջանքեր չեն գործադրում իրենց կյանքում ինչ-որ բան փոխելու համար:
- Նրանք բավականաչափ բաց չեն փոփոխությունների համար
Այդպիսի մարդիկ շատ են վախենում փոփոխություններից, թեպետ բառերով հակառակն են պնդում: Նրանք ուզում են, որ ինչ-որ բան դեպի լավը փոխվի, բայց առանց իրենց մասնակցության ու ինքնաբերաբար: Իսկ ոչինչ չանելը բացատրում են նրանով, որ փորձել են, ու չի ստացվել:
- Նրանք անում են ամեն ինչ ու միաժամանակ ոչինչ
Այս մարդիկ համաժամանակության ռեժիմում են ապրում, և բացի դրանից, ամեն ինչ անում են վերջին պահին: Միևնույն ժամանակ նրանք ոչ մի բանի մեջ բավարար ջանքեր չեն գործադրում, որ գոնե ինչ-որ հաջողության հասնեն որևէ ոլորտում: Փոխանակ ժամանակը ծախսեն ինչ-որ կոնկրետ բանի վրա կենտրոնանալու համար, նրանք զբաղվում են այն ամենով, ինչ ձեռքի տակ է, իսկ դա նույնն է, թե ոչինչ չանես:
- Նրանք չեն հավատում իրենք իրենց
Այս մարդիկ չեն հավատում, որ ունակ են այն ամենին, ինչի ուզում են հասնել իրենց կյանքի ընթացքում: Նրանք միտումնավոր հրաժարվում են նրանից, ինչի մասին երազում են՝ ենթադրելով, որ բավականաչափ կարողություններ չունեն դրա համար:
- Նրանք իրենց համոզում են հրաժարվել ցանկացած նոր բան սկսելուց
Նույնիսկ, եթե այդպիսի մարդիկ վերջապես վճռում են ինչ-որ նոր բան փորձել, ապա արդեն նախապես տրամադրվում են այն բանին, որ իրենք ոչ մի հնարավորություն չունեն: Եվ սա այն պատճառով, որ նոր բան փորձելն իրրենց համար դիսկոմֆորտի զգացողություն է առաջացնում, իսկ իրենք այնքա՜ն սովոր են իրենց ճահճին, որ հանուն ոչ մի բանի դրանից չեն հրաժարվի:
- Նրանք չափազանց շատ ժամանակ են վատնում իրենց բողոքների վրա
Փոխանակ պարզապես ինչ-որ բան անելու, նրանք իրենց թանկարժեք ժամանակը վատնում են բողոքելու վրա, ասում, որ իրենց չեն հասկանում, չեն նկատում, չեն ընտրում: Նրանք մի ժամ կբողոքեն աշխատանքից, որը հեշտությամբ ու կես ժամում կանեին, կվերջացնեին: Ահա թե ինչու թիմում նրանց հետ չեն սիրում աշխատել, և դա զարմանալի չէ, երբ մարդն անվերջ նվնվում է:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը