Կոնֆլիկտներն ու ճգնաժամերն անխուսափելի են հարաբերություններում: Երկու տարբեր էությամբ մարդիկ, որոնց կապում է սերը, հաճախ կողմնակի օգնության կարիք են ունենում: Շատ զույգեր դիմում են հոգեբանի օգնությանը՝ խնդիրեների մասին բարձրաձայնելու և դրանց լուծումը գտնելու համար: Ոմանք լուռ շարունակում են ապրել կյանքն ինչպես որ է:
Ֆիլմերը լավ խորհրդատուներ են, թեև չեն փոխարինի հոգեբանի աշխատանքին: Այնուամեայնիվ, եթե զգում եք լարվածություն հարաբերություններում, ցանկանում եք հաղթահարել դրանք, չեք դիմում հոգեբանի օգնությանը և չգիտեք՝ ինչպես վարվել, առաջարկում ենք երկուսով դիտել ստորև ներկայացված խնդիրները, որոնց գլխավոր հերոսները կարող են ճիշտ ուղի ցույց տալ լուծումներ գտնելու համար:
«Եզրին»
2001թ. իռլանդացի ռեժիսոր Ջոն Քորնիի կողմից նկարահանված ֆիլմը պատմում է Ջոնաթան Բրիչի (Քիլիան Մըրֆի) մասին: Անցնելով դժոխքի բոլոր շրջանները հաշված ժամերի ընթացքում՝ Ջոնաթանին սպառնում են կամ բանտը, կամ հոգեբուժարանը: Վերջինս ընտրում է երկրորդ տարբերակը, ինչը ճակատագրական է դառնում իր և Ռեյչլի (Տրիշա Վեսսի) համար: Նրանց կապը խորն է նույնքան, որքան խորն է յուրաքանչյուրի ծանր հոգեբանական վիճակը: Միասին հաղթահարելով հոգեբուժարանի տաղտկալի առօրյան` Ջոնաթանը և Ռեյչլը հետագայում հանդիպում են արդեն դրա պատերից դուրս. Ջոնաթանը փնտրում է Ռեյչլին և գտնում ժայռի մոտ, որի եզրից ինքն իրեն ցած էր նետել՝ նախքան հոգեբուժարանում հայտնվելը:
«Բնակարան»
Երբեմն այն, ինչ մենք փնտրում ենք հեռվում, գտնվում է հենց մեր կողքին: 1960 թվականի «Բնակարան» ֆիլմը նման պատմության վառ օրինակ է: Սի Սի Բաքսթերը (Ջեք Լեմոն) և Ֆրեն Կուդելիկը (Շիրլի Մաքլեյնը) աշխատում են նույն շենքում: Համեստ, լռակյաց Սի Սին աշխատում է որպես սովորական հաշվապահ Նյու Յորքի խոշոր ապահովագրական ընկերությունում։ Նա միայնակ է և բնակարան է վարձում քաղաքի սրտում՝ Վեսթ Սայդում, իր աշխատավայրից ոչ հեռու։ «Հանգիստ ամերիկացին» անգամ չի կասկածում, որ վերելակավարուհի Ֆրենը, ում նկատմամբ ինքն անտարբեր չէ, գաղտնի հանդիպում է տնօրեն Ջեֆ Շելդրեյքի հետ, և նրանց ժամադրությունները տեղի են ունենում իր իսկ բնակարանում։
«Երկու անգամ ծնված»
Սերը հաճախ անձնազոհություն է պահանջում: Նման իրավիճակում է հայտնվում ամերիկացի լուսանկարիչ Դիեգոն (Էմիլ Խիրշ): Վերջինս ամուսնանում է Ջեմմայի (Չենելոպե կրուս) հետ: Նրանց կապում է բուռն սերը և կիրքը, ինչը, սակայն, վտանգված էր երեխաներ ունենալու անհնարինության պատճառով. Ջեմման չի կարող երեխաներ ունենալ, և նրանք չեն կարողանում որդեգրման թույլտվություն ստանալ: Ընտանիքը գտնվում է փլուզման եզրին: Հենց այդ ժամանակ է նրանց կյանքում հայտնվում Ասկան…
«Մարմնի և հոգու մասին»
Ռեժիսոր Իլդիկո Էնյեդիի 2017 թվականին նկարահանած ֆիլմը երկու ինտրովերտների մասին է, որոնք պատահական պարզում են, որ նույն երազն են տեսնում: Մարիան (Գեզա Մորչանի) և Էնդրեն (Ալեքսանդրա Բորբեյ) շփոթված են: Երազում նրանք եղնիկներ են, իսկ իրական կյանքում խոցված սրտերով գործընկերներ, որոնց սերը մեկը մյուսի նկատմամբ երկուսին է կյանք է վերադարձնում և աշխարհն ավելի տանելի վայր դարձնում:
«Ժամանակակից սեր»
Ինչը կարող է ավելի օգտակար լինել, քան իրական մարդկանց սիրո պատմությունները: «Ժամանակակից սեր» հեռուստասերիալի 8 սերիաներից յուրաքանչյուրը ներկայացնում է իրական պատմություն, որոնք հրապարակվել են The New York Times-ում:
Դրանցում ներկայացված են մեզ նման մարդիկ, իրենց երջանիկ ավարտով և առանց ավարտի սերը, իրենց ապրումները, ճգնաժամերը, որոնք ծանոթ են ցանկանցածիս:
Անի Գաբուզյան