Ինչպե՞ս ծնողները պետք է իրենց պահեն անցումային տարիքի երեխաների հետ
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս ծնողները պետք է իրենց պահեն անցումային տարիքի երեխաների հետ

Ռուս հոգեբան Տատյանա Ժուրավլյովան NEWS.ru-ին տված հարցազրույցում խորհուրդ է տվել ծնողներին բարելավել հարաբերությունները երեխաների հետ մինչեւ անցումային տարիքի սկիզբը, եթե համապատասխան խնդիրներ կան։ Փորձագետը հավելել է, որ այդ ժամանակահատվածում ավելի լավ է երեխաների հետ շփվել՝ ինչպես մեծերի հետ։

«Երեխաների հետ շփվեք, ինչպես մեծերի հետ, խուսափեք դասախոսություններից, քննադատություններից, մեղադրանքներից եւ խորհուրդներից: Ձեր երեխաների վրա դրեք իրենց համար պատասխանատվության մի մասը: Մի ստուգեք դասերը, նրանց փոխարեն խմբակներ մի ընտրեք, առանց նրանց հագուստ մի գնեք։ Ընդունեք այն փաստը, որ այժմ անջատման փուլ եք անցնելու: Երեխան կհեռվանա ձեզնից, եւ դա նորմալ է, բայց դա չի նշանակում, որ նա ձեզ չի սիրում եւ ձեր օգնության եւ աջակցության կարիքը չունի»,- ասել է Ժուրավլյովան։

Մասնագետը նաեւ կոչ է արել ավելի շատ ազատություն տալ երեխաներին, չօգնել նրանց կամ խորհուրդներ չտալ, եթե դա պարտադիր չէ։ Ժուրավլյովան նշել է, որ պետք է երեխային այնպիսի հարցեր տալ, ինչպիսիք են՝ «քեզ օգնություն պե՞տք է» կամ, «քեզ իմ կարծիքը հետաքրքի՞ր է»։ Նա ընդգծել է, որ նորմալ է, երբ դեռահասները սխալվելով կյանքի փորձ են ձեռք բերում։

«Այո, ձեր սիրտը կցավի եւ ցանկություն կլինի ասել՝ «ես ասում էի, չէ՞», բայց զսպեք Ձեզ։ Առանց սխալների արդյունք չի լինի, դա նորմալ պրոցես է։ Հիացեք եւ գովաբանեք ձեր երեխային: Դա կարեւոր կլինի նրա ինքնագնահատականի եւ ձեր հարաբերությունների համար։ Նրա էմոցիոնալ տատանումների նկատմամբ հասկացող եւ համբերատար եղեք: Կիսվեք ձեր փորձով՝ պատմելով այն իրավիճակների մասին, որոնց միջով անցել եք նրա տարիքում, ինչ էիք զգում, ինչպես էիք մտածում, ինչպիսի տեսք ունեիք»,- հավելել է Ժուրավլյովան։

Նրա խոսքով՝ պետք է փորձել հասկանալ դեռահասին, իսկ եթե դա չի ստացվում, ապա կարելի է օգնություն խնդրել նրանից, միասին խաղեր խաղալ, տեսանյութեր դիտել, զրուցել ընկերների հետ, երբ նրանք հյուր են գալիս։

news.am