Փաշինյանի ուղերձի, տասը մնասի առակի ու վտանգավոր ակնարկների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 23-ի ուղերձը բազմաթիվ ոչ հուսադրող ու վտանգավոր ակնարկներ է պարունակում։ Այդ ուղերձի այսօրինակ մակերեսային վերաբերմունքն ու մեկնաբանությունները, առնվազն վկայում է այն մասին, որ մենք դեռևս չենք գիտակցում՝ ինչ իրավիճակ է ստեղծվել մեր շուրջ ու ինչ նորանոր աղետների առաջ ենք մենք կանգնած (մասնավորապես քննարկվում է միայն դաշնակցի մասին միտքը՝ նկատի ունենալով ռուսներին)։
Ուղերձի հիմնական «մեսիջները» սկսվում են 6-րդ պարբերությունից ու ավարտվում 8-րդով, իսկ նրա եզրահանգումներն ու «վերջին խոսքը» տասը մնասի առակների մասին պարբերությունում են։
6-րդ պարբերություն․ խոսում է մեզ ոչ բարեկամ հարևաններից, որոնց հետ հարաբերությունների կարգավորում չի ստացվում, «որովհետեւ նրանք չափազանց մեծ գին են պահանջում մեզնից», այստեղ կարևոր է «մեծ գինը»։ Ինչ է ասում Փաշինյանը։ Ընդամենը վերջերս էր Ալիևը վերջնաժամկետ սահմանել իրենց երազած ու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի մասով», մեծ գինը մենակ սա՞ է, թերևս ոչ՝ այլ գին էլ կա։ Այս պարբերությունում կա մեկ այլ միտք, թե իբր մեր ոչ բարեկամ հարևանները «համարում են, որ մենք ենք իրենցից չափազանց մեծ գին պահանջում», բայց առնվազն 2020-ից հետո արտաքին քաղաքականությանը քչից շատ հետևողին պետք է պարզ լինի, որ ոչ մեկ էլ մեր պահանջներին բանի տեղ չի դնում, ես երեքը հիշատակեմ՝ գերիների մասով կառավարության ու անձամբ Փաշինյանի ջանքերը տապալվեցին (Պուտին-Ալիևի հետ հանդիպման ժամանակ ելույթը հիշեք), հայելային հետքաշման գաղափարը ոչ մեկ չընդունեց, մայիսի 12-ից հետո ՀԱՊԿ-ի մասով պաշտոնական Երևանի դիմումներն ու բողոքները մնացին անարձագանք։
7-րդ պարբերությունում մեր դաշնակիցներն են՝ «բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլեւ նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ»,- ասում է Փաշինյանը։ Ո՞ւմ նկատի ունի, ռուսներին, բայց սա չի կարևոր, այստեղ հակառուսները սկսել են ուրախանալ, ասում են՝ ըհն, էլի հաթաթա տվեց դրանց։ Այս պարբերությունը 6-րդի շարունակությունն է, այն ցավալիորեն ազդարարում է, որ ռուսները ընտրել են թուրք-ադրբեջանական տանդեմը, որ հայկական դիվանագիտությունը արդեն պարտվել է, մենակ մնացել։
8-րդ պարբերությունում Փաշինյանը ասում է, որ «Անկախությունն առերեսում է, եւ հանուն մեր անկախության ու պետականության՝ մենք պետք է ինքներս մեզ հետ, մեր պատմության ու աշխարհընկալման հետ առերեսվելու կամք ունենանք»։ Այս կոնտեքստում Փաշինյանի բազմաթիվ ելույթներ եմ լսել, ես լավ հիշում եմ՝ ինչպես էր նա պնդում, թե 2016-ից մենք կորցրել ենք Արցախը Ադրբեջանի կազմից դուրս ունենալու շանսը, պետք է հիշել նրա հետևյալ միտքը ևս ԱԺ ամբիոնից ամիսներ առաջ՝ «Միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»։ Հիմա մենք պետք է առերեսվենք իրականության հետ, որպեսզի չկորցնենք անկախությունը։ Սա է, իմ կարծիքով, ակնարկում Փաշինյանը։
Ու վերջում՝ նա հիշեցնում է տասը մնասի առակը։ Ես Աստվածաշունչ կարդացել եմ, թերևս, 15 տարի առաջ, առանձնապես այս առակը չէի հիշում, բայց դրա մեջբերումը մտածելու տեղիք է տալիս հատկապես հիմա ու ներկայիս քաղաքական իրողությունների համատեքստում։ Փաշինյանն առաջին անգամ չէ, որ մեջբերում է այս առակը, մինչ այս նա այն հիշատակել էր 2019-ին՝ Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան վարժարան այցի ժամանակ (լինքը՝ քոմմենթում)։ Այդ ելույթում, սակայն, նա առակին այլ մեկնաբանություն էր տվել, հիմա՝ այլ։ Ներկայում ըստ Փաշինյանի առակի խորհուրդը հետեւյալն է. «ով ունի, նրան կտրվի, իսկ ով չունի, նրանից նույնիսկ իր ունեցածը կվերցվի», բայց ոչ առակները, ոչ էլ առավել ևս Աստվածաշնչյան խրատները կիսատ չեն, նրանք ամբողջական միտք են պարունակում, իսկ նրանց էությունը հենց այդ ամբողջականության մեջ է։ Ուստի, եթե շարունակենք առակը, ապա կգտնենք շատ «հետաքրքիր» ակնարկ, այսպես՝ Հիսուսն ասում է, «Ով որ ունի, նրան պիտի տրուի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցուի եւ այն, ինչ որ ունի: Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագաւորեմ իրենց վրայ, բերէ՛ք այստեղ եւ սպանեցէ՛ք իմ առաջ»»: Եւ երբ այս ասաց, առաջ գնաց՝ Երուսաղէմ ելնելու համար»:
Սա էլ, թերևս, ներքաղաքական վենդետայի ակնարկ է կամ էլ ավելի վտանգավոր։ Ի՞նչ իմանաս։
Ու վերջում, նա հենց էնպես այս մտքերը չէր արտահայտում, հիմա ոչ մենք, ոչ էլ աշխարհը «հանգիստ» օրեր չեն ապրում, էս փոթորկոտ շրջանում նման ուղերձները պետք է առնվազն մի փոքր երկար վերլուծել, տեսնել ու հասկանալ ազդակները։ Սիրեք, թե չսիրեք նրան, հիմա Փաշինյանն է ձեր փոխարեն որոշում։
Գևորգ Թոսունյանի ֆեյսբուքյան էջից