Իրար նման մարդիկ, հավանաբար, նման ԴՆԹ ունեն. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Իրար նման մարդիկ, հավանաբար, նման ԴՆԹ ունեն. հետազոտություն

Գենետիկորեն միմյանց հետ կապ չունեցող մարդկանց լուսանկարների հավաքածուն, ինչպես նաեւ նրանց ԴՆԹ-ի վերլուծությունը ցույց են տվել, որ մարդկանց դիմագծերի նմանությունը կապված է ընդհանուր գենետիկ տարբերակների հետ։ Այս մասին հետազոտությունը հրապարակվել է Cell Reports ամսագրում։

«Մեր հետազոտությունը պատկերացում է տալիս մարդկանց նմանության մասին՝ ցույց տալով, որ չափազանց նման դիմագծեր ունեցող մարդիկ ընդհանուր գենոտիպ ունեն, այն դեպքում, երբ էպիգենոմի եւ միկրոբիոմի մակարդակում դրանք տարբեր են,- նշել է հետազոտության ավագ հեղինակ Մանել Էսթելերը (Լեյկեմիայի Հոսեպ Կարերասի անվան հետազոտական ինստիտուտ, Բարսելոնա)։- Գենոմիկան նրանց միավորում է, իսկ մնացած ամեն բան՝ բաժանում»։

Նոր հետազոտությունում Էսթելերը եւ նրա թիմը նպատակ են ունեցել մոլեկուլյար մակարդակում բնութագրել պատահական մարդկանց, որոնք ընդհանուր դիմագծեր են ունեցել։

Դրա համար նրանք կանադացի նկարիչ Ֆրանսուա Բրյունելի (որը 1999 թվականից հավաքում է նմանակների լուսանկարներ ամբողջ աշխարհից) ֆոտոաշխատանքներից ընտրել են մարդկանց նմանակների։ Նրանք ընտրել են միմյանց նման մարդկանց 32 զույգ լուսանկարներ։ Հետազոտողներն այս զույգերի  նմանության օբյեկտիվ չափը որոշել են դեմքերը ճանաչելու երեք տարբեր ալգորիթմների օգնությամբ։

Բացի այդ, մասնակիցները լրացրել են համալիր կենսաչափական հարցաթերթիկ եւ կենսակերպի մասին հարցաթերթիկ եւ ներկայացրել թքի ԴՆԹ-ն մուլտիոմիկ անալիզի համար։

Ընդհանուր առմամբ, արդյունքները ցույց են տվել, որ այդ մարդիկ նման գենոտիպեր ունեն, բայց տարբերվում են ԴՆԹ-ի մետիլացմամբ եւ միկրոբիոմի լանդշաֆտով։ Նման զույգերի կեսը միավորվել է կլաստերներում՝ ըստ բոլոր երեք ալգորիթմների։

Ավելին, ֆիզիկական նշանները, ինչպիսին են քաշը եւ հասակը, ինչպես նաեւ վարքագծային նշանները, ինչպիսին են ծխելը եւ կրթությունը, կապակցվել են այն զույգերի պարագայում, որոնք նման են եղել միմյանց։ Ստացված արդյունքները թույլ են տվել ենթադրել, որ ընդհանուր գենետիկ վարիացիաները ոչ միայն կապված են նման արտաքինի հետ, այլեւ կարող են ազդել ընդհանուր սովորությունների եւ վարքագծի վրա։

news.am